Մատչելիության հղումներ

Նախագահ Ջորջ Բուշը չորեքշաբքի օրը ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւը՝ «Ազատություն» նախագահական մեդալը հանձնեց մեկ տասնյակից ավելի անձանց, որոնց թվում էր Քարնեգիի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը:

«Այսօր Ամերիկան իր հարգանքի տուրքն է մատուցում մեր ամենավաստակաշատ առաջատար գիտնականներից մեկին», - ասաց Ջորջ Բուշը՝ պարգեւը հանձնելով պատմաբան եւ մանկավարժ Վարդան րիգորյանին: ԱՄՆ-ի նախագահը նշեց, որ ամերիկահայ գիտնականը 50-ից ավելի պատվավոր կոչումներ ունի:

Իրանում ծնված Գրիգորյանը ղեկավարել է Բրաունի համալսարանը, իսկ 1980-ականներին գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը:

«Ազատություն» նախագահական մեդալին արժանացածների թվում են Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, ում Բուշը պարգեւը հանձնել էր վերջերս Իտալիա կատարած այցի ժամանակ, եւ օծանելիք արտադրող Էստի Լաուդերը, ով մահացել է այս տարվա ապրիլին:

Պարգեւը 1945 թվականին հիմնել է նախագահ Հարրի Թրումենը ռազմական գործողություններում աչքի ընկած զինվորականների համար, սակայն 1963 թվականից ի վեր, նախագահ Ջոն Քենեդիի նախաձեռնությամբ, այն շնորհվում է քաղաքացիական ծառայության, բիզնեսի, գիտության եւ մշակույթի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG