Մատչելիության հղումներ

Հայ մտավորականների ֆորումի ծրագրված հավաքը չկայացավ


Չորեքշաբթի օրը ծրագրված Հայ մտավորականների ֆորումի հավաքը չկայացավ, ինչի համար ֆորումի ավագանու անդամները մեղադրում են իշխանություններին:

Այս տարվա փետրվարին ստեղծված Հայ մտավորականների ֆորումի ավագանին իր հերթական՝ 7-րդ հավաքը կազմակերպելու համար դիմել էին մայրաքաղաքի մի շարք մշակութային հաստատությունների տնօրինություններին՝ Հայաստանի գրողների միություն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան եւ այլն, եւ ամեն տեղից մերժում են ստացել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ֆորումի ավագանու անդամ Էդուարդ Սիմոնյանցը, դահլիճ տրամադրելու խնդրանքը ամեն անգամ մերժվել է առանց որեւէ բացատրության, ինչը, Սիմոնյանցի կարծիքով, «ավելի ակնհայտ է դարձնում, որ հրահանգը իջեցված է իշխանությունների կողմից»:

Ավագանու մեկ այլ անդամ՝ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի խոսքերով, իրենց դահլիճ չեն տրամադրում, քանի որ իշխանությունները պարզապես վախենում են ֆորումի հավաքների ընթացքում հնչող անաչառ գնահատականներից, որոնք վերաբերում են երկրի տնտեսությանը, վարվող արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Նրանց [իշխանություններին] ասվում է ճշմարտությունը՝ որ ամենաթողություն հանրապետություն լինել չի կարող, որ ուժայի կառույցները չափը անցել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղալովյանը: - «Իշխանությունները, որոնք, ըստ էության, եկել են իշխանության կեղծ ընտրություններով, հայտարարում են, որ ամեն ինչի համար պատասխանատու են, բայց գործնականում ոչնչի համար պատասխանատու չեն»:

Աղալովյանի համոզմամբ, վախի, բռնության մթնոլորտում հնարավոր չէ իշխանություն պահել, եւ այդ մասին պետք է խոսել. ժողովրդին պետք է ցույց տալ իշխանություների կատարած սխալները, թերությունները, որոնք տանում են, իր ձեւակերպմամբ՝ Հայաստանի պետականության վերացմանը:

Խոսելով ընդդիմության գործունեության մասին, Լենսեր Աղալովյանը ասաց, որ համաձան չէ դիտարկումներին, թե ընդդիմությունը պայքարի առաջին փուլում պարտվել է: Նրա գնահատմամբ, ընդդիմությունը խելամիտ գտնվեց եւ առճակատման չգնաց իշխանությունների հետ, քանի որ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները իրենց աթոռները պահելու համար պատրաստ են ցանկացած բռնության:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG