Մատչելիության հղումներ

logo-print
«Հայկական ավիաուղիներ»-ի շուրջ մի քանի տարի շարունակվող աղմկալի պատմությունների շարքը, որոնց տրամաբանական արդյունքը դարձավ տնտեսական դատարանի՝ ապրիլի 12-ի որոշումը ընկերությունը սնանկ ճանաչելու մասին, ըստ ամենայնի, կավարտվի արդեն գալիք հուլիսին, երբ ընկերության պարտատերերի ժողովը կորոշի՝ վերակենդանացնե՞լ, թե՞ լուծարել 1990-ականների սկզբից մինչեւ 2003-ը առաջատար ազգային ավիափոխադրող հանդիսացած ընկերությունը:

«Հայկական ավիաուղիներ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի տեղեկացմամբ, առաջիկա շրջանում կհստակեցվի ընկերության պարտատերերի ցուցակը, իսկ հուլիսին արդեն նրանց կհրավիրեն ընկերության ճակատագիրը վճռելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Արսեն Ավետիսյանը ասաց, որ ընկերության ղեկավարները կազմել են առողջացման ծրագիր, որի կատարման դեպքում, ըստ իրենց, հնարավոր կլինի «Հայկական ավիաուղիներ»-ի վիճակը քիչ թե շատ շտկել: Առաջարկվում է, որ վաճառել ամբողջ գույքը՝ մարելու կրեդիտորական պարտքերի մի մասը, բացի ԻԼ-86 օդանավից, եւ երկու տարվա ընթացքում «Հայկական ավիաուղիներ»-ին իրավունք տրվի իրականացնել Երեւան - Մոսկվա չվերթը, ինչից գոյացած գումարներով հնարավոր կլինի մարել ամբողջ պարտքը:

Պարտքերի ընդհանուր ծավալն առայժմ գնահատվում է մոտ 28 միլիոն դոլար: Բացատրելով, թե ինչպես ստացվեց, որ դեռ 1997-ին շահույթով աշխատող ընկերությունը մի քանի տարում նման պարտքեր կուտակեց՝ Արսեն Ավետիսյանը նշեց տարբեր պատճառներ. 1998-ի ռուսասատանյան դեֆոլտը, ընկերության շահութաբեր ստորաբաժանումների (օրինակ, ուղեւորներին սնունդ սպասարկող կամ օդանավակայանի տարածքում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների) անջատումը ընկերությունից 1998 թվականին, իսկ լուրջ պարտքեր կուտակած «Գյումրիի ավիաուղիներ»-ի միացումը:

«Հայկական ավիաուղիներ»-ի ղեկավարները ասում են, առողջացման ծրագիրը թեեւ արդեն պատրաստ է, սակայն դրա իրականացման հավանականությունն այնքան էլ մեծ չէ:

«Առողջացման ծրագիրը սկսվում է «եթե» բառով», - ասաց Ավետիսյանը. - «եթե «հայկական ավիաուղիներ»-ին տրվի Երեւան - Մոսկվա ուղղությունը շահագործելու իրավունք: Հաշվի առնելով, որ գոյություն ունի պայմանագիր «Արմավիա»-ի եւ կառավարության միջեւ, հավանականությունը շատ քիչ է, որ «Հայկական ավիաուղիներ»-ի առողջացման ծրագիրը կընդունվի»:

«Արմավիա»-ի դերակատարությունը հայկական ավիացիոն դաշտում ծրագրի հեղինակները շրջանցել չէին կարող: Իրավաբանորեն հայկական ընկերություն հանդիսացող «Արմավիա»-ն փաստորեն ռուսական «Սիբիր» ավիաընկերության մի ստորաբաժանումն է: Իրականացնելով «Հայկական ավիաուղիներ»-ի կողմից շահագործված չվերթների մեծ մասը, բնական է, որ «Արմավիա»-ն արդեն չի ցանկանա զիջել զբաղեցրած դիրքերը:

«Եթե առողջացման ծրագիրը իրականացվի, «Արմավիա»-ն շատ հավանական է, որ հրաժարվի իր պայմանագրից, եւ նորից պետությունը կընկնի ծանր կացության մեջ», - ասաց Ավետիսյանը: - «Չէ՞ որ Մոսկվայի ուղղությունը կազմում է «Արմավիա»-ի փոխադրումների 42 տոկոսը»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG