Մատչելիության հղումներ

Միացյալ ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կոսւակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իրենց ձեռնարկած գարնանային գործողությունների արդյունքում «հաջողության չհասնելու» պատճառներից է համարում «ընդգծված խարիզմատիկ լիդեր» չունենալը:

«Կատարված գործողությունների արդյունքում հաջողության չհասնելու հիմնական պատճառներից մեկը իշխանական բուրգի միասնական հանդես գալն էր», - երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Քաղաքագիտական եւ իրավագիտական «Համաձայություն» կենտրոնի կազմակերպած քննարկման մասնակիցների առջեւ, ասաց Արամ Սարգսյանը: - «Իսկ ընդդիմության թերություններից մեկը՝ ընդգծված խարիզմատիկ լիդեր չներկայացնելու, ոչ թե չունենալու, այլ չներկայացնելու պատճառով»:

«Որովհետեւ», - փաստարկելով իր հայտարարությունը, ասաց Սարգսյանը, - «եւ հասարակությունը, ե'ւ թեկուզ իշխանական բուրգի շարքային ներկայացուցիչը, ասենք՝ ոստիկանը, ակնկալում էր լսել երկրի ապագայի ծրագիր ներկայացնող լիդերին»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքերով, այդուհանդերձ, ընդդիմությունը ունեցավ նաեւ ձեռքբերումներ: Իսկ ներկայիս հարաբերական դադարի փուլում, Սարգսյանի խոսքերով, կազմակերպչական եւ գաղափարախոսական աշխատանքներ են կատարվելու:

«Ընդդիմության նոր գործողությունները լինելու են ծրագրային, ներգրավելու են ավելի լայն զանգվածներ», - ասաց Արամ Սարգսյանը՝ կրկին հնչեցնելով իր համոզմունքը, որ իշխանափոխություն լինելու է, եւ այն «հեռու չէ»:

«Ես վախենում եմ, որ նույնիսկ ընդդիմությունը ուշանա: Որովհետեւ իշխանությունները իրենք են շտապում, եւ քաղաքական գործընթացները տանում են նրան, որ իշխանական բուրգի որոշակի հատվածներ արդեն հակված են ներիշխանական փոփոխության», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG