Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Կանխատեսելով, թե վաղը Ստրասբուրգում ինչպես, ինչ տոնայնությամբ է խոսելու Ռոբերտ Քոչարյանը՝ «Առավոտ» թերթն ավելացնում է. - «Ցավոք, չենք կարող կռահել, թե ինչ հարցեր կուղղեն նրան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները: Կհարցնե՞ն, թե ինչու սափրած գլուխները լրագրողների հանդեպ բռնությունների համար գլուխներն ազատեցին միայն տուգանքով, իսկ ոստիկանին շշով հարվածած ցուցարարը 1,5 տարով ազատազրկվեց: Շատ հավանական է, որ չեն հետաքրքրվի: Քանի որ եվրոպացիները տեղի ունեցածի մասին սահմանափակ տեղեկատվություն ունեն՝ ա)Յասկերնիայի զեկույցը, բ)Հայաստանի իշխանությունների կարծիքը, գ)Հայաստանի ընդդիմության կարծիքը: Ահա եվրոպացիների երեք աղբյուրները, ընդ որում, վերջին երկուսը չեն կարող որպես անկողմնակալ ընկալվել»: «Հայկական ժամանակ» թերթի նախանշմամբ, խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հետ հարցուպատասխանը «Քոչարյանի համար ռիսկ է պարունակում, որովհետեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հարցերին պատասխանելն ամենեւին էլ «Հ1»-ի հարցերին պատասխանել չէ». - «Մյուս կողմից, սակայն, Հայաստանը դիվանագիտական խողովակներով աշխատում էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում Քոչարյանի համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար»: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների պնդմամբ, մասնավորապես, թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել «անհարմար» հարցեր չտալու վերաբերյալ. - «Այս պայմանավորվածության հիմքում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական առանց այն էլ լարված հարաբերությունները վերստին չլարելու մղումն է»:

«Մեզանում եվրոպական կառույցները որպես յուրահատուկ թելադրող ու պարտադրող մարմիններ ընկալելու եւ, ըստ այդմ, նրանց առաջադրած պայմանների դիմաց «պտիչկա դնելու» մտայնությունը այնքան է արմատավորվել, որ աստիճանաբար վերածվել է չգրված օրենքի», - ուրվագծում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացը ոչ թե ռազմավարական առաջնահերթություն է, այլ ինչ-որ պարտադիր-կամավոր միջոցառում, որին մասնակցում ենք շառից-փորձանքից հեռու մնալու նպատակով»: Մինչդեռ եվրոպական ընտանիքը «փոխադարձ շահերի մերձեցման եւ փոխգործակցության հսկայական դաշտ է բացում մեր երկրի առջեւ»: «Թելադրանքի փոխարեն փոխգործակցության մթնոլորտի արմատավորման եւ դրանով Հայաստան - Եվրոպա հարաբերություններում պահպանվող որոշակի իներցիայի հաղթահարման գործընթացի սկիզբ կարող է դառնալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկա այցը Ստրասբուրգ», - կապակցում է «Հայոց աշխարհ»-ը: - «Եկել է ժամանակը, երբ հաղթահարելով երկկողմ հարաբերություններում կուտակված զանազան մանր-մունր, անցողիկ պրոբլեմների նստվածքը, Հայաստանը Եվրոպայի հետ պետք է հարաբերվի տարածաշրջանում նրա արժեհամակարգը ներկայացնող ազգի ու պետության բարձրությունից»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ Ստրասբուրգ մեկնած Ռոբերտ Քոչարյանը ամենայն հավանականությամբ վերադառնալու է ամրացված դիրքերով, քանզի «դա է հուշում զեկուցող Յասկերնյայի հայաստանյան վարքագծի տրամաբանությունը»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, «Իրավունք»-ում այսօր ուշադրություն է սեւեռված կոալիցիոն գործընկերներին ուղղված՝ վարչապետ Մարգարյանի վերջին կոշտ արտահայտություններին: Ենթադրվում է, որ նախագահական նստավայրում կարծես «հակումներ կան կա'մ էապես նվազեցնել Հանրապետական կուսակցության ներկայությունը գործադիր օղակներում, կա'մ անգամ փոխել կառավարություն կազմն ամբողջությամբ»:

«Մինչ հարեւան Վրաստանում շոշափելի պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, Հայաստանում շարունակում են կարծես համարել, որ մեր հասարակությունը համակերպվել է այդ երեւույթի հետ», - տարակուսանքով համադրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ այդ առումով շեշտադրելով մի քանի նկատառում. - «Կոռուպցիայի դեմ պայքարը կուսակցությունների խնդիրը չէ, այլ՝ իրավապահ մարմինների: Երբ դրանով զբաղվում են քաղաքական ուժերը, այն վերածվում է քաղաքական ու անձնական հաշիվների մաքրման: Իսկ որպեսզի իրավապահները զբաղվեն հանցագործներով, պիտի լինի դա թույլ տվող իշխանություն, որն իրոք վճռել է պայքարել կոռուպցիայի դեմ»: Ներկայիս քաղաքական վերնախավի հետ կապված՝ «Գոլոս Արմենիի»-ում նաեւ գնահատվում է. - «Երբ մարդ կառավարություն է ուղարկվում միայն այն պատճառով, որ որոշակի կուսակցության անդամ է եւ այլ չափանիշերով չի համապատասխանում՝ դա եւս կոռուպցիա է: Չարաշահում է նաեւ, երբ հետո նախարարներին փոխում են առանց գնահատականների ու բացատրության»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG