Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը փորձելու է հաշտության եզրեր գտնել «ԱրմենՏել»-ի հետ


Երկուշաբթի առավոտյան արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեկնել է Լոնդոն, որտեղ առաջիկա մի քանի օրերին կփորձի հաշտության եզրեր գտնել «ԱրմենՏել»-ի հետ:

Հնարավոր հաշտեցման մասին արդարադատության նախարարը խոսել էր անցած շաբաթավերջին՝ դատական նիստերի սղագրման նոր՝ էլեկտրոնային համակարգի շհնորհանդեսին:

«Մենք փորձելու ենք «ԱրմենՏել»-ի հետ միասին գտնել հաշտության եզրեր», - ասել էր Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանի փոխանցմամբ, հայկական կողմը շատ հստակ է պատկերացնում հնարավոր հաշտության հնարավոր շրջանակները:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը միշտ էլ պատրաստ է եղել բանակցությունների կամ հաշտության», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաղաթելյանը: - «Սակայն այդ եզրերը միանշանակ պետք է գտնվեն ողջամիտ զիջումների շրջանակներում. չի կարող կնքվել որեւէ հաշտություն Հայաստանի Հանրապետության կամ մեր ժողովրդի, սպառողների հաշվին»:

Թե ինչ է նկատի առնվում «զիջումներ» կամ «հաշտության եզր» ասելով, չեն հստակեցնում, սակայն, ո'չ արդարադատության նախարարությունում, ո'չ էլ «ԱրմենՏել»-ում:

«ԱրմենՏել»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Լոնդոնում Դավիթ Հարությունյանը հանդիպում կունենա ընկերության նորանշանակ գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսի հետ:

1998 թվականից ի վեր Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհը վայելող «ԱրմենՏել» ընկերության եւ Հայաստանի կառավարության տեւական տարաձայնությունների արդյունքում հունական OTE ընկերությունը , որին պատկանում է «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, Հայաստանի կառավարության դեմ հայցով դիմել է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան:

Եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու «ԱրմենՏել»-ն ու հունական OTE-ն կարողանան գալ ընդհանուր հայտարարի, կմեկնարկեն բուն բանակցությունները: Եվ եթե դրանք էլ հաջողությամբ պսակվեն՝ արդեն կարելի կլինի խոսել հարցը փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե Լոնդոնի արբիտրաժային դատարանի շրջանակներում լուծելու մասին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG