Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը


Ազգային ժողովի նիստերի դահլիճում ուրբաթ օրը սկսվեց Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ անցկացվող երկօրյա վեհաժողովին մասնակցում են աշխարհի 20 երկրներից՝ այդ թվում ԼՂՀ-ից ժամանած շուրջ 70 հայազգի եւ այլազգի պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովի՝ շուրջ մեկ տասնյակ անդամներ:

Վեհաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձներ էին հղել նախագահ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նախագահ Քոչարյանն իր աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի միջոցով հղած ուղերձում առանձնապես քաջալերանքի խոսք հղեց այն հայազգի պատգամավորներին, ովքեր «իրենց ջանքերն ուղղում են պատմական հայրենիքի քաղաքական եւ տնտեսական վերելքին»: Ռոբերտ Քոչարյանը փոխանցել է, որ առումով վեհաժողովը կարող է մեծ հեռանկար ունենալ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս կառույցի առջեւ այսպիսի խնդիրներ է տեսնում. - «Հայաստանի Հանրապետության՝ միջազգային ասպարեզում ներկայացման, ճանաչելիության մեծացման ու այդպիսով նաեւ՝ վարկանիշի բարձրացման խնդիրը»:

Շարունակելով թվարկումը՝ վարչապետը նշեց Հայաստան - սփյուռք կապերի ամրապնդումը, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը հայրենիքի հզորացման գործում, ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը, աշխարհում Լեռնային Ղարաբաղի հարցի համակողմանի ու ճիշտ ներկայացումը:

«Հայաստանը մտել է մի այնպիսի փուլ, որտեղ կարիք ունի ամեն տեսակի աջակցության», - իր ելույթում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով. - «Համագործակցությունը պետք է ենթադրի, որ մենք կարողանանք փոխադարձաբար իրար օգնել»:

Հայաստանի առջեւ կանգնած գերխնդիրները, ըստ Վարդան Օսկանյանի, երեքն են՝ ժողովրդավարություն, տնտեսական զարգացում եւ խաղաղություն:

Ամբիոնից ողջույնի խոսք հնչեցրին նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանը, ով փոխանցեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ողջույնի ուղերձը, Հայերի համաշխարհային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը:

Վեհաժողովի մասնակիցները առաջին նիստում ընդունեցին հռչակագիր, որով ձեւակերպել են վեհաժողովի նպատակները՝ «համախմբել Հայաստանի Ազգային ժողովի, աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում ներկայացված հայազգի պատգամավորների եւ Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբերի ջանքերը՝ Հայաստանում ժողովրդավարության խորացման, համահայկական խնդիրների լուծման ուղիների համատեղ մշակման, միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ հանրապետությունում պառլամենտարիզմի զարգացման համաշխարհային փորձի արդյունավետ կիրառման գործում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG