Մատչելիության հղումներ

logo-print

Միկլոշ Մարշալ. «Կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է հակակուռպցիոն մարմնի անկախությանը»


Transparency International միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ուրբաթ օրը թերահավատություն հայտնեց, թե Հայաստանում վերջերս ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը արդյունավետ կլինի՝ փաստարկելով, թե այն «անկախ չէ»:

Կազմակերպության քարտուղարության գործադիր տնօրեն Միկլոշ Մարշալի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես կարեւոր է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը:

Հայաստանում նախագահ Քոչարյանի հրամանագրով վերջերս ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը գլխավորում է երկրի վարչապետը, ըստ Մարշալի, անկախ չէ:

«Տվյալ դեպքում ես որոշակի կասկածներ ունեմ այդ կառույցի անկախության վերաբերյալ: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, այդ խորհուրդը անկախ չէ: Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է իրավասու լինի կասկածի տակ առնել անգամ երկրի նախագահի գործունեությունը, մինչդեռ այս կառույցը նման իրավասություն չունի», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասաց Մարշալը:

Transparency International-ի գործադիր տնօրենի խոսքերով, այսօր ի հայտ են եկել կոռուպցիայի նոր ձեւեր, որոնցից մեկը գործարար շրջանակների հետ միահյուսված քաղաքական կոռուպցիան է: Հայաստանում կոռուպցիան նրա խոսքերով, դարձել է «վերնախավի բիզնես»:

Մարշալի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր նշանակություն ունի կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելը:

«Շատ է խոսում է կաշառառության մասին, բայց չկան իշխանության համապատասխան մարմինների կողմից հարուցված կոնկրետ գործեր: Պետք է սկսել վերեւից, եւ այն քաղաքական գործիչները կամ գործարարները, ովքեր խախտել են օրենքը, պետք է կանգնեն դատարանի առջեւ», - ասաց նա:

Մարշալը մասնակցում է Transparency International-ի տարածաշրջանային զարգացման կենտրոնի կազմակերպած եռօրյա համաժողովին, որի ընթացքում 26 երկրներից ժամանած փորձագետները քննարկելու են Վրաստանում, Ադրեբջանում եւ Հայաստանում հակակոռոպուցիոն մարմիների անկախության եւ տարածաշրջանում մեծ տարածում ունեցող քաղաքական կոռուպցիայի խնդիրները:

Այն, որ քաղաքական կոռուպցիան եւ գործարար շրջանակները այսօր միահյուսված են, չժխտեց նաեւ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը:

«Բնականաբար, այդ երեւույթը՝ իշխանության եւ բիզնեսի հանցավոր փոխկապակցվածությունը, նույնպես Հայաստանում կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ ավելացնելով, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նպատակ չունի հայտնաբերել օրենքը խախտողներին. - «Դա իրավապահ մարմինների գործն է»:

Իսկ այն, որ մինչեւ այժմ ոչ մի բարձաստիճան պաշտոնյա չարաշահումների համար դատարանի առջեւ չի կանգնել, Եսայանը բացատրեց նրանով, որ այդ խնդիրը մինչեւ այժմ առաջնահերթությունների շարքում չի եղել: Իսկ ներկայումս, նրա փոխանցմամբ, նպատակուղղված եւ համակարգված պայքարի անհրաժեշտությունը գիտակցվել է եւ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG