Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Արձանագրելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի երեկվա համարը, այսպես ասած, հավաքվել է, քանի որ դրանում տպագրվել էին թերթի ձեռնարկած «ՀՀ նախագահի միջանկյալ ընտրությունների» քվեաթերթիկները, «Հայկական ժամանակ»-ը ընթերցողներին հուսադրում է նոր՝ պահեստային տարբերակով հարցում անցկացնելու տեսլականով: Իսկ մի յուրօրինակ հարցում՝ հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու ձեւով, ինչպես արձանագրում է ողջ մամուլը, արդեն ավարտվել է, եւ «Առավոտ» թերթը մասնավորապես «Իշխանափոխությունը փուլ առ փուլ» վերնագրով խմբագրականում որոշակի հեգնանքով ուրվագծում է. - «Բացառված չէ, որ ընդդիմության պայքարի երկրորդ փուլն, իրո՛ք, կլինի վերջինն ու որոշիչը: Դրան կհետեւեն բազմաթիվ «որոշիչ եւ վճռական» փուլեր: Չէ՞ որ ընդդիմությունը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձեւով արդարացնի իր կարգավիճակը քաղաքական դաշտում»: Պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Մեր աշխատանքը ուղղված պիտի լինի պետական քարոզչությունը ջարդելուն։ Իսկ այդ քարոզչության հիմնական թեման այն է, որ ընդդիմությունը իբր գաղափար եւ ծրագիր չունի։ Սա արվում է բավականին հետեւողական ձեւով եւ որոշակի նստվածք է թողել։ Մենք հիմա ունենք լուրջ խնդիր՝ ներկայացնել Հայաստանի հիմնախնդիրները եւ ցույց տալ, որ ներկա իշխանության հեռացումը ընդամենը անհրաժեշտ պայման է մնացած խնդիրները լուծելու համար»:

«Ընդդիմությունը, կոպիտ ասած, նվազագույն կորուստներով իշխանությանը հասցրեց առավելագույն վնաս՝ իր պայքարով վերջնականապես թուլացրեց իշխանությանը», - գրում է «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը: - «Հասնել նրան, ինչին հասավ ընդդիմությունը՝ չունենալով ռեսուրս ու հնարավորություն, հաղթահարելով ամեն քայլափոխի իշխանությունների ստեղծած խոչընդոտները, իսկապես դժվար գործ էր»: «Հիմա», - շեշտում է մեկնաբանը, - «պատմությունը լիդերի պահանջ է ներկայացնում ընդդիմությանը: Ու ընդդիմությունը ճիշտ կանի այս թայմ աուտը օգտագործի սեփական ամբիցիաները խեղդելու եւ հասարակական պատվերը իրականացնելու համար... Ուշ թե շուտ առաջանալու է առաջնորդի խնդիր, եւ պառակտվող ընդդիմությունը ավելի լավ է այսօր պառակտվի, քան վճռական պահին»:

«Հայոց աշխարհ» թերթի խտացմամբ՝ ինչպես տարածաշրջանում ու նրա շուրջ, այնպես էլ Հայաստանի քաղաքական կյանքում ստեղծված կացությունը «սկսել է թեւավորել ՀՀՇ-ին ու նրա արբանյակներին»: «Ձեւավորվում է յուրահատուկ մի իրավիճակ՝ արտաքին քաղաքական կացությունը դասավորվում է հօգուտ ՀՀՇ-ի, բայց երկրի ներսում այդ ուժը չունի իր հետեւից գնացող զանգված: Դրա հետ մեկտեղ ներկա արմատական ընդդիմությունը ՀՀՇ-ի համար դարձել է խոտի դեզի վրա նստած «շուն», որը ոչ ինքն է ուտում, ոչ էլ ուրիշին է մոտ թողնում... Այնպես որ», - բխեցնում է մեկնաբանը, - «պայքարը, որ սպասվում է աշնանը՝ ընդդիմության դրոշին տիրանալու համար, լինելու է բավականին սուր եւ անզիջում: Արմատականների միասնական ճամբարի տրոհումը եւ նրա «անմարսելի» բեկորների ու «նախկինների» բախումը անխուսափելի է»:

«Երկիր» թերթի ընկալմամբ՝ քաղաքական հարցեր հասարակության ճնշող մեծամասնության «օրակարգում» չկան. - «Եվ դա բնական է, քանզի միացյալ ընդդիմության առաջնորդները չնկատեցին կամ չուզեցին նկատել, թե ինչպես իրենց կազմակերպած հանրահավաքները աստիճանաբար երկրի քաղաքական ու հասարակական կյանքի վրա ազդող գործոնից վերածվեցին սոսկ օրվա լրահոսի մեջ հիշատակվող դեպքի»: Պատճառը, ըստ «Երկիր»-ի, այն է, որ «շատերի համար ինքնադրսեւորման ու ինքնաարտահայտման միակ մատչելի եղանակը իր անձնական հավակնություններին քաղաքական ձեւ տալը ու ամենքին ու ամեն ինչին հակադրվելն է: «Հակադրվել նույնիսկ նրանց հետ, ովքեր քո շահերն են ուզում պաշտպանե», -ակնարկում է «Երկիր»-ը:

«Ամառային վերադասավորումներին ընդառաջ» վերնագրի տակ «Իրավունք»-ի մեկնաբանը նշում է. - «Քաղաքական կյանքի կիզակետը այժմ տեղափոխվում է արտաքին ճակատ: Ղարաբաղյան հարցում միջազգային ճնշումների ուժգնացումը առաջացնում է ներքաղաքական ակտիվության նոր ալիք, որը հիմնականում ուղղված է այդ ճնշումների հավասարակշռմանը եւ կրում է ազգայնական-հայրենասիրական երանգ: Այս փուլում ղարաբաղյան թեմայով հասարակական-քաղաքական ակտիվությունը ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, քանզի ստեղծում է միջազգային ճնշումներին դիմագրավելու որոշակի ռեսուրս: Բայց եթե այդ ռեսուրսը չբավականացնի, ապա շատ դժվար կլինի գտնել որեւէ քաղաքական ուժ, որը ցանկություն կունենա ղարաբաղյան հարցում ժողովրդավարություն չվայելող քայլերի ենթատեքստում կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին, ինչը կարող է հանգեցնել 1997-ի աշնան իրավիճակի կրկնությանը», - համադրել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթն էլ ԱՄՆ դեսպան Օրդուեյի երեկվա ասուլիսից տպավորվել է. - «Գոնե այս պահին ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված է ոչ թե Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եվ թերեւս՝ այս խնդրի կարգավորումը ֆոն դառնա, որ ԱՄՆ-ը հստակ դիրքորոշումներ ունենա ներքաղաքական հետագա զարգացումների շուրջ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG