Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյ. «ԱՄՆ-ը սատարում է ցանկացած տարբերակի, որը կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում դրական գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի ներկա փուլը, ընդգծեց, որ ԱՄՆ-ը կսատարի ցանկացած տարբերակի, որը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը:

Ջոն Օրդուեյը «ոգեւորիչ» որակեց փաստը, որ հակամարտ կողմերը լուրջ են վերաբերում երկխոսությանը եւ հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործընթացը: Դեսպանի խոսքերով, սակայն, կողմերը դեռ չեն հասել այն կետին, երբ կսկսեն քննարկել լուրջ ու նշանակալի խնդիրներ:

«Մեր տպավորությունն այն է, որ երկու կողմերն էլ շատ լուրջ են վերաբերում գործընթացին եւ նվիրված են այն շարունակելու գործին, եւ մենք ամեն ինչ կանենք սատարելու համար: Նախնական տպավորությունը, նախնական նշանները բավականին ոգեւորիչ են, դրական են, բայց դեռ շատ վաղ է վերջնական կարծիք կազմելու համար», - ասաց նա: - «Կողմերը դեռ չեն հասել այն կետին, երբ մի կողմը որեւէ առաջարկ անի, իսկ մյուսը՝ չընդունելով այն, մեկ այլ բան առաջարկի», - ասաց նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որը վերաբերում էր վերջերս շրջանառվող խոսակցություններին, թե Միացյալ Նահանգները առաջարկել են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների վերադարձի դիմաց Ադրբեջանը բացի հաղորդակցության ուղիները, դեսպան Օրդուեյը ասաց, որ ո'չ Միացյալ Նահանգերը, ո'չ Մինսկի խմբի մյուս համանախագահները կոնկրետ առաջարկներ չեն արել կողմերին:

«Վերջին բանակցային փուլի ընթացքում համանախագահները որեւէ կոնկրետ առաջարկ չեն արել», - ասաց նա՝ ավելացնելով. - «Այսքանով կարծում եմ լավագույնս կարող եմ պատասխանել այդ հարցին՝ չխորանալով բանակցային գործընթացի մանրամասների մեջ, ինչը իմ դերը չէ»:

Պատասխանելով հարցին, թե փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակն է ԱՄՆ-ը ավելի հարմար Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար, դեսպան Օրդուեյը ասաց. - «Մենք ուզում ենք իրականացնել մի գործընթաց, որի արդյունքում կողմերը իրենք կհասնեն այնպիսի լուծման, որը կլինի տեւական, միջազգային հանրության կողմից ճանաչված եւ որը խաղաղություն ու կայունություն կբերի տարածաշրջանին: Դա կախված է քաղաքական կամքից, ինչպես նաեւ երկու կողմերի ազնիվ ու արդյունավետ մասնակցությունից»:

«Ես կարծում եմ, որ հիմա ավելի կարեւոր է, քան անցյալում, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի ոչ թե 10 տարվա ընթացքում, այլ մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում: Կողմերը շատ մեծ գին են վճարում հակամարտության համար, եւ եթե այն շարունակվի՝ այդ գինը կշարունակի աճել: Մենք հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի եւ կաշխատենք այդ ուղղությամբ: Բայց եթե չկարգավորվի, դա հղի է մեծ ռիսկերով ու վտանգներով», - ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG