Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ավարտված է համարում հանրահավաքային պայքարի առաջին փուլը


Հայաստանյան ընդդիմության ղեկավարները չորեքշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում ազդարարեցին, որ ավարտում են ընդդիմադիր շարժման առաջին փուլը:

«Ընդդիմադիր շարժման առաջին փուլը ավարտված է», - հանրահավաքը եզրափակող իր ելույթում ասաց ընդդիմության առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը՝ ավելացնելով, որ «Արդարություն» դաշինքին եւ նրա հիմնական դաշնակից «Ազգային միաբանություն» կուսակցությանը ժամանակ է պետք քաղաքական պայքարի նոր ձեւերի շուրջ մտածելու համար:

Հանրահավաքային պայքարի այս փուլը դադարեցնելու որոշումը ընդդիմության առաջնորդները բացատրում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններով եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցի առաջիկա քննարկմամբ:

Այսօրվա հանրահավաքը, ի տարբերություն նախորդների, Երեւանի քաղաքապետարանը չէր արգելել, սակայն, ցուցարարների քանակը մոտավորապես նույնն էր, ինչ նախորդ հանրահավաքների ժամանակ: Այստեղ էր քաղաքապետի ներկայացուցիչը՝ քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Ոստիկանությունը ներկայացնում էր Երեւանի փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, ով մինչեւ հանրահավաքը սկսվելը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե ընդդիմությունը որոշի երթով ավարտել հանրահավաքը, ինքը իրավունք ունի «դադարեցնել հանրահավաքը»: Հանրահավաքի կազմակերպիչներից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ երթը չի կազմակերպվելու:

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում ասաց, թե վարչախումբը, իշխանությունը ամեն գնով պահելու սկզբունքով, «իմիտացիա է անում, թե կատարում է Եվրախորհրդի պահանջները», իրականում, սակայն «ոչինչ չի փոխվել»:

ՀԺԿ նախագահը կրկին հավաստիացրեց, որ ընդդիմությունն ունի սկսած գործընթացը «տրամաբանական ավարտին են հասցնելու» հաստատակամությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG