Մատչելիության հղումներ

logo-print

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին առաջարկությունները կներկայացվեն հուլիսի վերջին


Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, Միացյալ Նահանգների կողմից անհատույց օգնությունը ստանալու համար առաջարկությունները հիմնադրամին կներկայացվեն մինչեւ հուլիսի վերջը:

Հոգաբարձուների խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահի 2004թ. մայիսի 31-ի հրամանագրով: Խորհրդի կազմում ընդգրկված են նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ? ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի նախարարները, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

Առաջարկները ներկայացնելուց հետո արդեն ամերիկյան կողմի որոշելիքն է գումարների տրամադրումը եւ դրա ժամկետները:

«Գումարների մասին դեռ վաղ է խոսելը», - ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Բայց մեր ներկայացրած ծրագրերը նախնական հաշվարկներով՝ 500-600 միլիոն է հինգ տարվա կտրվածքով»:

Ֆինանսերի եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը «զրոյական» անվանեց հնարավորությունը, որ հայկական կողմի ներկայացրած ծրագրերը բացարձակապես չբավարարեն ամերիկյան կողմին եւ Հայաստանը դուրս մնա այս ծրագրից:

Ներկայացնելով մշակվող ծրագրերի առաջնահերթությունները, վարչապետ Մարգարյանը ասաց. - «Սոցիալական ոլորտի խնդիրներն են՝ հիմնականում կապված գյուղատնտեսության հետ. ոռոգման ջուր, խմելու ջուր, ջրամբարներ, ճանապարհներ, դպրոց: Բոլոր դեպքերում այս բոլոր առաջարկները եւ մեր մոտեցումները պետք է տեղավորվեն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում»:

Խորհրդի անդամները նշեցին, որ սա միայն կառավարության ծրագիրը չպետք է դառնա, եւ իրենց առաջարկներ են սպասում նաեւ հասարակական կազմակերպություններից:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG