Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ընդարձակ Եվրոպա» նախաձեռնության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդգրկմամբ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը գործուն միջամտության նոր հնարավորություն է ստանում», - ընդգծվում է այսօր «Ազգ» թերթում: - «Եվրոպական ուղղությունը, Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Սակայն չկարգավորված Ղարաբաղի խնդիրը կարող է Հայաստանին կանգնեցնել լուրջ մարտահրավերների առջեւ, մանավանդ որ Եվրամիությունը ղարաբաղյան կարգավորման հարցում հնչեցնում է Բաքվի համար հաճելի ու Երեւանի համար տհաճ առաջարկություններ... Եթե իրականություն դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ լուսանցքում հայտնվելու կանխատեսումը, ապա ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է առաջանալ նոր իրավիճակ: Եվրոպացիները սկսել են պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միմյանց հակասող չափանիշները համարել անախրոնիզմ՝ 20-րդ դարի վերապրուկ»:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում բանաձեւում է. - «Որեւէ միջազգային կառույցի որոշումից կամ փաստաթղթից արմատական փոփոխություններ սպասել չարժե. Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը, նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, որեւէ եվրոպական կամ միջազգային կառույցի որոշումից արմատական փոփոխություններ են ակնկալում։ Դա սովետական մտածելակերպի արդյունք է։ Մենք դեռ շարունակում ենք մտածել, որ կլինի ռեզոլյուցիա, որը պետք է կատարել մահվան գնով։ Վաղուց պետք էր հասկանալ, որ այլեւս այդպես չէ»։

«Հայոց աշխարհ» թերթում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնիայի այցի եւ սպասվող զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանը: Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ Յասկերնիայի կողմից աշնանը կներկայացվի «օբյեկտիվ եւ հավասարակշռված զեկույց», նախագահ Քոչարյանի առաջիկա այցն էլ Ստրասբուրգ կունենա «լուրջ նշանակություն Եվրախորհրդում Հայաստանի վերաբերյալ ստեղծված ընկալումները, նաեւ առանձին պատգամավորների թյուրըմբռնումները հստակեցնելու տեսանկյունից»: «Ընդդիմության դաշտում քիչ չեն քաղաքականապես հասուն գործիչները, ուղղակի իրենց մարտավարության փոփոխության ազդանշաններ նույնիսկ չկան», - նշում է Դաշնակցության ներկայացուցիչը: Մյուս կողմից, Հրանտ Խաչատրյանը ուրվագծում է. - «Իշխանությունները ունեն երկու ելք. կատարել այնպիսի արմատական քայլեր, որոնք կտրուկ կբարելավեն իրավիճակը երկրում եւ այդպիսով ընդդիմությունը կզրկվի հասարակական հենարաններից: Երկրորդ ուրվագծվող ելքն այն է, որ մինչեւ աշուն կստեղծվի նոր իրավիճակ: Եթե իշխանությունները կոշտ գործողություններով սառեցրին ընդդիմության ակտիվությունը, չի նշանակում, որ ողջ հասարակության ակտիվության սառեցում տեղի ունեցավ: Աշնանը ընդդիմադիր դաշտը կարող է ընդարձակվել»: Ինչ վերաբերում է Յասկերնյայի այցին, Հրանտ Խաչատրյանը ձեւակերպել է. - «Այն պակաս ոգեւորիչ էր ընդդիմադիր ճամբարի համար, որովհետեւ, մեր տպավորությամբ, նա ավելի հակված է իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունենալ, քան ընդդիմության»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով մինչեւ վերջերս կալանքի տակ էր, ընդդիմության գլխավոր հաջողությունը համարում է այն, որ ընդդիմությանը հաջողվեց Հայաստանին հուզող հիմնախնդիրների վրա հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը, իսկ ամենամեծ բացթողումը՝ որ ընդդիմությունը չի բանաձեւել իր արժեքային կողմնորոշումները: «Առավոտ»-ի հարցազրույցում նա շեշտում է. - «Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի առկա խնդիրներից, պետք է վերլուծեն նաեւ մեր երկրի ինքնիշխանության համար վտանգավոր մարտահրավերները: Այսինքն, ինձ համար ակնհայտ է, որ այսօր Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ վտանգը գալիս է Ռուսաստանից, որին, ցավոք, պետք են մեր երկրում թույլ եւ վարկաբեկված, ոչ օրինական իշխանություններ»:

«Հայկական ժամանակ» թերթն էլ այսօր ազատ արձակումից հետո առաջին անգամ հարցազրույց է ներկայացնում ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի հետ, ըստ որի՝ «իշխանությունները հերիք չէ՝ հետեւողականորեն փորում են իրենց իսկ գերեզմանափոսը, նրանք արդեն անցել են նաեւ մեր պետության գերեզմանափոսը փորելուն»: «Այսօրվա ընդդիմության գործողությունների մեջ եւս ես չեմ տեսնում ժողովրդի համար իրական մտահոգություն», - ասում է Մուշեղ Սաղաթելյանը: - «Ընդդիմության մեջ, անգամ զուտ մարդկային հարաբերությունների առումով, բացակայում է միաբանությունը, որը կարող էր ընդդիմության տարաբեւեռ գաղափարական հենքերը գոնե փորձեր իրար մոտեցնել... Այս ընդդիմության առաջին սխալը հենց այն էր, որ հռչակելով համահայկական շարժում՝ փակեց ընդդիմության ձնագնդիկի սահմանները եւ այլ կուսակցությունների ու անձանց թույլ չտվեց մտնել դաշինքի մեջ: Այսուհանդերձ, ինձ արդեն տեսանելի է, որ սկսվում է գաղափարական պայքարի ժամանակը, երբ հանրահավաքի եկող մարդկանց մեջ օրեցօր մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր պատրաստ են անգամ իրենք առաջնորդել շարժումը... Եթե իսկապես հավատավոր մի քանի հազար մարդ կանգնեց, իմացեք՝ ցանկացած իշխանություն չոքելու է», - ձեւակերպում է կալանավայրերի վարչության նախկին պետը:

«Ճիշտն այն է, որ մարդը ժամանակին կանգ առնի եւ հասկանա, որ այսուհետ այլ մարդիկ պիտի գան։ Իմ կարծիքով, Նարեկ Սարգսյանի անելիքը ավարտվեց՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ», - իր մասին ասում է Երեւանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում։ «Այն համոզման եմ եղել, որ քաղաքում պետք է ժողովուրդն իմանա՝ ումից պատասխան ստանալ եւ ում կարողանա հայհոյել։ Ինձ հայհոյելը են, բայց ինձ լսել են, ինձ քննադատել են, բայց եւ հավատացել են», - կարծում է Նարեկ Սարգսյանը: - «Ինձ հաճախ են մեղադրում հասարակական կարծիքը անտեսելու մեջ։ Շարունակում եմ նույն տեսակետին մնալ, այն է՝ Երեւանում մայրաքաղաքային հասարակություն դեռեւս ձեւավորված չէ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG