Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանային բախման արդյունքում երկուստեք զոհեր են եղել


Անցած շաբաթ հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում տեղի ունեցած զինված ընդհարումների արդյունքում, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի փոխանցմամբ, երկուստեք զոհեր են եղել:

«Մեր կողմից կա մեկ զոհ», - երեքշաբթի օրը լրագրողների ասաց Միքայել Հարությունյանը: - «Բայց իրենց կողմից էլ բավական զոհեր կան: Հստակ թիվն ասել դժվարանում եմ, սակայն գիտենք, որ իրենց կողմից զոհերը շատ են»:

Սպանված զինվորականի մասին Գլխավոր շտաբի պետը միայն հայտնեց, որ կոչումով լեյտենանտ էր: Գրիգորյանը չնշեց սպայի անունը, ասաց սոսկ, որ նա շատ երիտասարդ էր:

Իսկ զինված ընդհարումների մասին գեներալ Գրիգորյանը ասաց հետեւյալը. - «Մեկ շաբաթ առաջ Իջեւանի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները փորձ կատարեցին առաջ շարժվել եւ գրավել ջրամբարի մոտ գտնվող բարձունքներից մեկը: Եթե դա հաջողվեր, ադրբեջանցիների հսկողության տակ կանցներ պոմպակայանը, որը ջրով է ապահովում Իջեւանի շրջանի հինգ գյուղ: Այստեղ աշխատում են մեր մասնագետները, կա պահակազոր: Մենք զգուշացրեցինք ադրբեջանական կողմին, որ նրանք նման քայլի չդիմեն, սակայն ադրբեջանցիները ի վերջո դա արեցին: Մենք էլ ստիպված եղանք դիմել պատասխան քայլերի եւ պոմպակայանը վերցրինք ռազմականացված հսկողության տակ»:

Փաստորեն, երկու կողմերն էլ իրենց պաշտպանական դիրքերը բավական առաջ են տարել: Նման փորձեր հայ-ադրբեջանակաան սահմանագծում պարբերաբար լինում են: Միքայել Հարությունյանի խոսքով սակայն, այս անգամ ադրբեջանական կողմը հայերից նման կտրուկ քայլ չէր սպասում, եւ երկու կողմերի դիրքերի առաջ տանելը ի վերջո հանգեցրել է զինված ընդհարման ու զոհերի:

Միքայել Գրիգորյանը բացառեց, որ հայկական կողմը կարող է հետ քաշվել արդեն զբաղեցրած տարածքից:

«Մենք դա չենք անի: Երբ իրենք լքեն այդ բարձունքը, որտեղ նստած են եւ ապահովեն պոմպակայանի անվտանգությունը, այդ ժամանակ մենք կորոշենք», - հայտարարեց նա: - «Չեն հեռանա՝ մենք էլ կմնանք նույն տեղում»:

Սահմանային միջադեպը անհանգստացրել է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, սահմանի Իջեւանի հատվածում վերջին երեք օրերի ընթացքում ԵԱՀԿ-ն այսօր արդեն թվով երկրորդ մոնիտորինգն է իրականացնել:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG