Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքային իշխանությունները դավաճանեցին իրենց որդեգրած սկզբունքին եւ արտոնեցին հունիսի 16-ին նշանակված ընդդիմության հանրահավաքը... Կարող է թվալ՝ վախեցան Յասկերնիայից եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից ու ստիպված եղան ընդառաջ գնալ ընդդիմությանը: Խնդրեմ, կարճեցին օրերս ազատ արձակված «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի գործը՝ որպես հիմք ընդունելով «իրավիճակի փոփոխությունը»: Ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են պնդում՝ սա վկայում է, թե Քոչարյանի վարչախումբը զիջում է դիրքերը հաղթանակող ժողովրդավարության առջեւ: Իրականում, ժողովրդավարության, առավել եւս՝ ժողովրդի եւ ոչ մի հաղթանակի մասին խոսք լինել չի կարող», - գնահատում է այսօր «Առավոտ» թերթը: - «Այս դրսեւորումները երբեք չէին լինի, եթե քաղաքական իրավիճակն այն աստիճան չփոխվեր, որ այժմ իշխանությունները ոչ մի հիմք չունենային վախենալու ընդդիմության կազմակերպած որեւէ միջոցառումից»: «Իշխանությունները համոզվեցին, որ ընդդիմությունն ի վիճակի չէ իր հետեւից տանել ժողովրդին: Ի վիճակի չէ, քանի որ թույլ է եւ ոչ հետեւողական: Ի վիճակի չէ, քանի որ չկարողացավ ժողովրդին ներկայացնել այն գաղափարը, հանուն որի արժեր պայքարել: Եթե ընդդիմությունն ուժեղ լիներ եւ թեկուզ մի փոքր վտանգ ներկայացներ գործող իշխանությունների համար, մեր իշխանություններն այդ աստիճանի լայնախոհ չէին լինի եւ չէին կատարի եվրոպացիների պահանջները», - համոզված է «Առավոտ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի շեշտադրումներով՝ Հայաստանը կետ առ կետ կատարում է իր առջեւ դրված նոր պահանջները. - «Ուստի այս ամենից հետո էլ երկխոսությունից խուսափելու եւ արտախորհրդարանական պայքարին ապավինելու՝ ընդդիմության գործելակերպը ավելի քան տարօրինակ է դառնում»: Մեկնաբանը գրում է. - «Երկրի նախագահը կարող է հանգիստ եւ անվրդով մեկնել Ստրասբուրգ, մեկ առ մեկ ներկայացնել ինչպես Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի վերջին պահանջների իրականացման կոնկրետ փաստերը, այնպես էլ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունների կատարման ընթացքը: Ակնհայտ է, որ եվրոպական կառույցների առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման հարթության վրա իշխանությունները բոլոր առումներով առաջ են անցել ընդդիմությունից: Նման լուրջ նախադրյալների առկայությունը թույլ կտա արդեն նախագահի Ստրասբուրգ առաջիկա այցելության ընթացքում արմատական ընդդիմության ձեռքից խլել նաեւ վերջինիս «եվրոպական խաղաքարտը», - ամփոփվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Եկել է ժամանակը, որ Եվրոպան իր իսկ որոշումների իրականացման համար պահպանի պարիտետի սկզբունքը եւ ճնշում բանեցնի ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմության վրա՝ պահանջելով նրանից վերադառնալ խորհրդարան ու համատեղ ուժերով ավարտել Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»:

«Իրավունք» թերթի պատկերագծմամբ՝ իշխանությունը մի կողմից Եվրախորհրդին ի ցույց է դնում՝ իբր կատարում է խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները, մյուս կողմից՝ ձգտում է ստեղծել տպավորություն, թե ընդդիմությանն այլեւս վտանգավոր չի համարում: «Բայց իրականում իշխանությունների գործերն այդ աստիճանի բարվոք չեն, անգամ եթե Ռոբերտ Քոչարյանի առաջիկա ստրասբուրգյան ուղեւորությունը կատարյալ տրիումֆով ավարտվի», - նշում է մեկնաբանը: - «Ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում կտրուկ ուժգնանում են միջազգային ճնշումները: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ակտիվանում են տարբեր կազմակերպություններ, որոնք բարձրացնում են զորօրինակ Շահումյանի եւ Գետաշենի խնդիրը: Հավանաբար շուտով կհայտնվեն եւ Նախիջեւանի հարց բարձրացնողներ, կտրուկ կակտիվանան ազգայնական արտախորհրդարանական կուսակցությունները: Չպետք է բացառել, որ կտրուկ հայտարարություններով հանդես կգա եւ Դաշնակցությունը»: Այս ընթացքի մեջ մեկնաբանը անհավանական չի համարում, որ «Ռոբերտ Քոչարյանի ներուժը չի հերիքի դիմագրավման համար եւ ինչ-որ տեղ անհրաժեշտություն կդառնա իշխանությունը իրավահաջորդին փոխանցելու հանգամանքը»: «Թերեւս դրանով պետք է բացատրել Հայաստանի ամբողջ ներքաղաքական դաշտում ընթացող բազմակողմանի ու բազմաշերտ բանակցությունների, ինտրիգների եւ վերադասավորումների ստվերային գործընթացը, որը շոգերին զուգընթաց ընդարձակվելու միտում է դրսեւորում», - մատնանշվում է «Իրավունք»-ում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում վերջերս հաճախացած գնդակոծումներին ու դիրքաշարժերին՝ «Գոլոս Արմենիի» թերթի վերլուծաբանը այսօր ընդգծում է. - «Հրադադարի ռեժիմի բոլոր այդ խախտումները կազմակերպված բնույթ ունեն եւ ուղղորդվում են անմիջականորեն Բաքվի կողմից: Ադրբեջանն արդեն սկսել է իրագործել տեղային պատերազմի մի ծրագիր: Եվ սա հետեւանք է նաեւ միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք արձագանքի»: Այս իրավիճակում, վերլուծաբանի շեշտադրմամբ, արժե լրջորեն մտածել ոչ միայն պաշտպանության, այլեւ խախտողներին սահմանից այն կողմ էլ հետապնդելու մասին՝ «որպեսզի ադրբեջանցիները հանդարտվեն եւ այսօր որդեգրած մարտավարությունից ձեռք քաշեն»:

«Հայկական ժամանակ» թերթի՝ «Հայաստանի նախագահի միջանկյան ընտրություններ» անվանված հարցումը ոմանց կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական ասպարեզ վերադարձնելու նպատակ է հետապնդում: «Նման տեսակետի գոյության պատճառն այն է, որ մեր «ընտրությունների» նախընտրական քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես գտնվել է ամենաակտիվ քարոզվող գործիչների եռյակում, իսկ դա շատերի համար իսկապես անակնկալ է», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ վերադառնալու հարցը բացառապես իր եւ իր քաղաքական թիմի որոշելիքն է, իսկ մենք մեր հարցումը նախաձեռնելուց առաջ չէինք կարող կռահել, որ Տեր-Պետրոսյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան մենք ենք պատկերացնում»: Ամեն դեպքում, «Հայկական ժամանակ»-ը նաեւ նշում է. - «Ըմբռնումով ենք մոտենում մեզ ինչ-որ բան սարքելու մեջ մեղադրողներին, որովհետեւ Հայաստանում ընդունված է ամեն ինչ սարքել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG