Մատչելիության հղումներ

Եժի Յասկերնյան ավարտեց հայաստանյան հանդիպումները


Հունիսի 11-ից Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի զեկուցող, լեհ պատգամավոր Եժի Յասկերնյան երկուշաբթի օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ հանդիպումներով ավարտեց փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների հիման վրա պետք է կազմվի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք զեկույցը՝ Հայաստանի իշխանությունների կողմից վեհաժողովի՝ ապրիլի 28-ի բանաձեւի առաջարկությունների կատարման ուղղությամբ:

Յասկերնիայի այսօրվա երեւանյան քննարկումների հիմնական թեմաներն էին՝ վստահության հանրաքվե, քաղբանտարկյալներ, «Ա1+» հեռուստաընկերություն եւ Ընտրական օրենսգիրք:

Արդեն վաղ առավոտյան Յասկերնյան արդարադատության նախարարությունում էր, որտեղ խոսքը հիմնականում Սահմանադրական դատարանի՝ 2003-ի ապրիլի 16-ի որոշման մասին է եղել: Ոորշ առումով այս հանդիպումը առանցքային էր. տպավորություն ստեղծվեց, թե իշխանությունները հենց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վրա են դրել՝ վստահության հանրաքվեի մասին պաշտոնական շրջանակների միանշանակ եւ բավական կտրուկ տեսակետը զեկուցողին հայտնելու առաքելությունը:

«Նա մեզ հստակորեն ասաց, որ հենց սկզբից ինքը նշել է, որ որոշման մեջ պարտադրող տարր չկա, սա զուտ առաջարկ է: Այս խնդիրը, սակայն, մենք քննարկում ենք տարբեր տեսանկյուններից: Մենք փորձում ենք պարզել, թե ինչպես են մարդիկ հասկանում այդ վճիռը», - Հարությունյանի հետ հանդիպումից հետո ասաց Յասկերնյան: - «Սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, սա առաջարկություն է, որովհետեւ Սահմանադրական դատարանը իրավունք չունի հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնել: Մի խոսքով, հարցի իրավական պատկերը մենք ունենք , բայց շարունակում ենք այն դիտարկել նաեւ քաղաքական տեսանկյունից»:

Եվրախորհրդի պատվիրակը այսօր հայաստանցի պաշտոնատարների հետ քննարկել էր նաեւ ապրիլյան իրադարձություններից հետո ազատազրկման մեջ հայտնված անձանց խնդիրը:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի դրույթները եւ ազատ կարձակի այդ իրադարձությունների մասնակիցներին: Այս խնդրում կառավարության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ որոշակի տարաձայնություններ կան՝ արդյոք այդ մարդիկ քաղաքակա՞ն բանտարկյալներ են, թե՞ ոչ», - ասաց նա՝ հրաժարվելով սեփական տեսակետը հայտնել այդ կապակցությամբ. - «Մեր գնահատականները մենք կտանք զեկույցում: Մենք չենք ցանկանում որեւէ վերջնական մեկնաբանություն անել այցելության ընթացքում»:

Արդարադատության նախարարի հետ հանդիպելուց բացի, Յասկերնիան օրվա առաջին կեսին այցելեց նաեւ Գլխավոր դատախազություն, զրուցեց Աղվան Հովսեփյանի հետ, ապա հանդիպեց նաեւ Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հետ: Ուժայինների հետ քննարկման հիմնական թեման կրկին ապրիլյան իրադարձություններն էին:

«Մենք ուզում էինք համոզվել՝ արդյո՞ք ոստիկանները արդյունավետորեն են օգտագործել իրենց վերապահված իշխանությունը եւ արդյոք օրենքները ոտնահարվե՞լ են այդ ընթացքում, թե՞ ոչ», - այդ հանդիպումների նպատակը պարզաբանեց Եժի Յասկերնյան:

Օրվա ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորիգնի հանձնաժողովի զեկուցողը հանդիպումներ ունեցավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում, ուր անդրադարձ է եղել հատկապես «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ուր քննարկվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:

Յասկերնյան հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG