Մատչելիության հղումներ

Փոփոխություններ են տեղի ունեցել Հայկոմկուսի ղեկավար կազմում


Չի բացառվում, որ առաջիկայում Հայկոմկուսը վերանայի «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հետ համատեղ հանրահավաքներ նախաձեռնելու փորձը: Անցած շաբաթավերջին Հայկոմկուսի կենտկոմի պլենումում իրենց կուսակցական պաշտոններից հրաժարական ներկայացրին այն ղեկավարները, որոնք կողմնակից էին ընդդիմության հետ ակտիվ համագործակցության:

Իրենց պաշտոններից հրաժարական են տվել Կենտկոմի քարտուղարներ Սանատրուկ Սահակյանը, նախկին պատգամավորներ Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը, ինչպես նաեւ բյուրոյի անդամ Պավել Գրիգորյանը:

ՀԿԿ կենտկոմի արդեն նախկին երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ կոմկուսն իրեն այսուհետ կսահմանազատի ընդդիմության հանրահավաքներից, պատասխանեց. -
«Իհարկե, ես չէի ցանկանա, բայց, ցավոք սրտի, ենթադրում եմ, որ մեր նկատմամբ այդպիսի քաղաքականությունը հենց դրան էր ուղղված»:

Ըստ Սահակյանի, իրենց հրաժարականներից հետո բյուրոն համալրվել է մարդկանցով, ովքեր «այս կամ այն ձեւով կախված են իշխանություններից»:

Դեռ մայիսի վերջին ՀԿԿ կենտկոմի բյուրոն որոշել էր առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկել պլենումում, բայց քննարկումն ավարտվեց հակառակ կողմի հրաժարականներով: Ըստ Սանատրուկ Սահակյանի՝ այս ընթացքում համապատասխան աշխատանք էր տարվել այդ ուղղությամբ:

Նրա խոսքերով, Ռուբեն Թովմասյանը ոչ թե սոսկ հակված է իշխանամետ քաղաքականություն վարելու, այլ արդեն իսկ վարում է այդպիսի քաղաքականություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG