Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 12-ը հունիսի)

«Առավոտ» թերթն այսօր խմբագրականում ուրվագծում է, թե ինչպես է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնյանի այցի այս օրերին երեւութականություն ստեղծվում, թե «խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի բոլոր պահանջները կատարված են, եւ Հայաստանում հաստատվել է կատարյալ ժողովրդավարություն»: «Ակնհայտ է, որ հանրահավաքային ալիքը նվազել է։ Ոմանք սա բացատրում են ընդդիմության մեղքով։ Դուք համաձա՞յն եք այս պնդմանը», - հարցրել է «Առավոտ»-ի թղթակիցը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին։ «Կարծում եմ, ակնհայտ է հակառակը», - պատասխանում է վերջինս։ - «Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ապօրինություններին ու բռնություններին, այնուամենայնիվ, հանրահավաքային ալիքը չի նվազել... Մենք ազնիվ ենք եղել եւ այժմ էլ ազնիվ ենք ժողովրդի նկատմամբ։ Ի տարբերություն ոմանց, ոչ թե դիտորդի կարգավիճակով «վերլուծություններ» ենք անում կամ իմիտացիոն գործունեությամբ ենք զբաղված, այլ իրական պայքար ենք մղում երկրում տիրող անօրինականությունների դեմ։ Ժողովրդավարության հաստատման գործընթացը դժվարին եւ հետեւողականություն պահանջող գործընթաց է եւ կարող է ունենալ տարբեր փուլեր եւ դրսեւորումներ», - ասում է Ստեփան Դեմիրճյանը: - «Իշխանությունը շահագրգռված է ունենալ «կառուցողական», այսինքն՝ իրականում կառավարելի, դեկորատիվ ընդդիմություն, ինչը ցույց է տալիս, թե որքան է իրեն խանգարում գործող ընդդիմությունը... Բայց արհեստական ճանապարհով հնարավոր չէ նոր ընդդիմություն ստեղծել։ Ի վերջո, իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց պրոբլեմը առաջին հերթին ժողովրդի հետ է»։

«Եթե անգամ ընդունենք, որ ընդդիմության ներկայիս գործելաոճն իրեն սպառել է, եւ փողոց դուրս չի գալիս այնքան ժողովուրդ, ինչքան դուրս էր գալիս 2003-ի փետրվարին, արդյո՞ք դրանից հետեւում է, որ երկրում առկա ճգնաժամը հաղթահարվել է»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այս հարցադրմանը Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը արձագանքել է. - «Ընդդիմությունն իր ուզածն ու դրան հասնելու մեթոդները չկարողացավ համատեղել: Եվ ամենակարեւորը՝ ընդդիմությունը, որն իր նպատակներին հասնելու համար բացարձակապես թքած ունի իր երկրի եւ ազգային շահերի վրա, այլեւս դադարում է ընդդիմություն լինելուց եւ կոնկրետ ինձ՝ նման ընդդիմությունը բացարձակապես չի հետաքրքրում»: «Եթե ընդդիմությունը նաեւ հրաժարվում է խորհրդարանական ամբիոնից, նա զրկվում է որեւէ պրոցեսի վրա ազդելու հնարավորությունից: Իսկ այդ ազդեցությունն անպայման մեկ ուրիշը կստանձնի. այդ տեղը դատարկ չի մնալու», - կարծում է Վահան Հովհաննիսյանը: Միաժամանակ Դաշնակցության բյուրոյի անդամը ընդգծում է. - «Այո, մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանության մեջ շատ թերություններ կան: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ հանկարծակի փոփոխությունների ժամանակը Հայաստանում անցել է: Մենք հասնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը դանդաղ՝ առանց կտրուկ փոփոխությունների... Այս իշխանության մեջ մեզ շատ բան չի գոհացնում, բայց, ի տարբերություն ընդդիմության, որը ընկրկեց, մենք կշարունակենք դրանց դեմ պայքարը՝ սակայն, արդեն առանց ընդդիմության դաշտի մեր դաշնակիցների», - ձեւակերպում է Վահան Հովնաննիսյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, երբեմն էլ Դաշնակցությունը պարբերաբար անհաջող փորձում են անջրպետվել իշխանության գործունեության համար պատասխանատվությունից», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ ուշադրություն սեւեռելով դրա հերթական դրսեւորմանը՝ «Օրինաց երկիր»-ից պատգամավոր Գագիկ Մխեյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, որով իրենց շուրջ համախմբվելու էր հրավիրում թե' իշխանությունից, թե' ընդդիմությանից հիասթափվածներին: Ավելի ուշ խմբակցության ղեկավարը պարզաբանեց, թե կուսակցությունը այդ կոչի հետ որեւէ կապ չունի: «Հասարակությունը, իհարկե, վարժվել է, որ «Օրինաց երկիր»-ը ինչ ասես կարող է հայտարարել ու խոստանալ. պոպուլիզմը գրեթե անբուժելի հիվանդություն է: Բայցեւ այսօրինակ դրսեւորումները», - ընդգծում է մեկնաբանը, - «իշխող կոալիցայի ներքին անհանդուրժողականության նորանոր վկայությունները բացահայտում են որոշ ծածուկ գործընթացներ, որոնք հաջորդ խորհրդարանական ընտրություններից շատ առաջ կարող են հանգեցնել կոալիցիայի տրոհման»:

«Վերջին շրջանում եվրոպական գրեթե բոլոր կառույցները մեծ եռանդով ու հետեւողականորեն սկսել են զբաղվել Հարավային Կովկասի հակամարտությունների եւ առաջին հերթին՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ», - գրանցում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը: - «Միացյալ Եվրոպայի նման ակտիվությունը եւ հետեւողականությունը խոստանում է շատ շուտով դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից եւ ստանալ ինքնուրույն քաղաքական նախաձեռնությունների բնույթ...Եվրոպայի պատկերացմամբ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը պետք է ստորադասվի ողջ տարածաշրջանի ինտեգրման համար անհրաժեշտ՝ ընդհանրական չափորոշիչներին»: Այս առումով, տեսաբանի շեշտադրմամբ, Հայաստանին ու Ղարաբաղին սպասվող փորձությունները դիմագրավելու վճռորոշ պայմանը ԼՂՀ ինքնուրույն դերակատարության մեծացումն է բանակցային գործընթացում: «Հայաստանը պետք է Ղարաբաղին տա ձեռքերի լայն ազատություն՝ այդ թվում եւ ազատագրված տարածքների ճակատագրի տնօրինման հարցում: Քանզի եթե եվրոպացիները պահանջեն դրանց վերադարձը Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն էլ միանշանակորեն կարող է բարձրացնել իր կարգավիճակի հարցը», - ուրվագծվում է «Հայոց աշխարհ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG