Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը ազատ է արձակվել


Ուրբաթ երեկոյան «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվել է մշտական բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:

Միրզոյանի խոսքերով, նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հարությունյանը չի խոչընդոտի քննության ընթացքին եւ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այս պահին չկա:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը ձերբակալվել էր ապրիլի 13-ին՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործով: Նա մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչերով հանդես գալու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեջ:

Հունիսի 13-ին լրանալու էր Վաղարշակ Հարությունյանի երկամսյա կլանքի ժամկետը, բայց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մայիսի 7-ի որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել էր եւս երկու ամսով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիրմիր Պրյախինը այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ Վաղարշակ Հարությունյանին առաջադրած մեղադրանքը «թույլ է, որոշակիացված չէ»:

Վլադիմիր Պրյախինը վերջացող շաբաթվա ընթացքում զրույցներ էր ունեցել ինչպես Հարությունյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի, այնպես էլ Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ: Դեսպանի կարծիքով, Հարությունյանը կալանվել է քաղաքական նկատառումներով:

«Մենք հուսով ենք, որ մեր զրույցները, ինչպես նաեւ այլ անձանց ջանքերը, ովքեր մասնակցում են այս գործին երկու կողմերից, կտան գործնական արդյունքներ եւ պարոն Հարությունյանը ազատ կարձակվի», - ասել էր դեսպան Պրյախինը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG