Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնախմբի անդամները փաստահավաք առաքելությամբ ժամանեցին Հայաստան


Անցած գիշեր փաստահավաք առաքելությամբ Երեւան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դավիդ Չուպինան ուրբաթ օրը հայաստանյան իրենց աշխատանքը սկսեցին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպումից:

Դեռ մայիսի վերջին, երբ Յասկերնյան Երեւան էր եկել իր հեղինակած «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, հայտարարել էր, որ ՍԴ նախագահի հետ իր հանդիպման նպատակն է լինելու հասկանալ՝ 2003 ապրիլին Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վստահության հանրաքվեի մասին առաջարկությո՞ւն էր, թե՞ պարտադիր կատարման ենթակա վճիռ:

Մեկուկես ժամ տեւած հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդել է ՍԴ-ի մամուլի ծառայությունը, քննարկվել է հենց այդ հարցը:

«Այսօր մենք խնդիր ունենք Սամանադրական դատարանում ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ինչ բնույթ է կրել այդ որոշումը եւ շատ կարեւոր ու սպառիչ պատասխան ստանանք», - ՍԴ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Յասկերնյան: - «Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաեւ որոշման մեջ տեղ գտած առաջարկի վերաբերյալ տարբեր առիթներով տված պարզաբանումները»:

Օրվա ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեւանյան գրասենյակում Եժի Յասկերնյան եւ Դավիդ Չուպինան հանդիպումներ ունեցած հայաստանյան հասարակական կազմակերպությունների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ:

Իրավապաշտպանների հետ հանդիպումը սկսվելուց որոշ ժամանակ անց բավական բորբոքված այն լքեց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը. նա չէր կարողանում հասկանալ, ինչու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար Հայաստանի մասին զեկուցողը պատրաստողը իրավապաշտպանների հետ խոսում վստահության հանրաքվեից:

«Ես միանշանակ ասում եմ, որ տպագրված գիրքը Յասկերնյայի ես համարում եմ կաշառք», - վրդովված ասաց նա՝ ավելացնելով. - «Ես դիմելու եմ Եվրախորհուրդ, որպեսզի փոխեն մոնիտորինգի խմբի ներկայացուցչին»:

Անցած շաբաթ Յասկերնիայի գրքի հայերեն թարգմանության լույս ընծայումը զեկուցողի դիրքորոշման մեղմացմանը հետամուտ կաշառք էր որակել նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ինքը՝ Յասկերնիան, բնականաբար, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

«Ես չեմ հասկանում այդ պնդումները», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց նա: - «Այդ գիրքը պատկանում է բոլոր հայերին, ովքեր հետաքրքվում են Եվրոպայի խորհրդի գործունեությամբ՝ այդ թվում ե'ւ կոալիցիային, ե'ւ ընդդիմությանը: Ես դրա դիմաց գումար չեմ ստացել եւ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ ազդեցության մասին կարող է խոսք լինել: Մենք միշտ անաչառ ենք եղել, միշտ պահպանել ենք հավասարակշռությունը: Մենք ներկայացնելու ենք հնարավորինս անաչառ, օբյեկտիվ զեկույց»:

Բացատրելով այսօրվա հանդիպումներում վստահության հանրաքվիե հարցին մեծ ուշադրություն հատկացնելու պատճառը, Եժի Յասկերնյան ասաց. - «ՄԵնք կենտրոնանում ենք այդ խնդրի վրա, որովհետեւ քաղաքական ուժերը օգտագործում են այս փաստարկը եւ փողոց դուրս գալիս»:

Վաղը նախատեսված են Յասկերնյայի եւ Չուպինայի հանդիպումները Ազգային ժողովում՝ խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի եւ պատվիրակության անդամների, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամների հետ, ՀՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Արդարություն», «Ազգային միաբանություն», ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամների հետ:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG