Մատչելիության հղումներ

Ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խմբին պատկանող «Երեւանի կոնյակի գորածարան» ՓԲԸ ղեկավարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ վաճառքի ծավալները ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում շարունակել են աճել:

Հունվարից ի վեր արտադրված կոնյակի առաքման ծավալները կազմել են շուրջ 1,65 միլիոն լիտր՝ 13 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Շուրջ 94 տոկոս կազմած արտահանումների ծավալի առյուծի բաժինը կրկին Ռուսաստանինն է (82 տոկոս):

Արտահանումների աճը ապահովվել է 1998 թվականից «Պեռնո Ռիկար»-ին պատկանող գործարանի արտադրանքի ծավալների հաստատուն աճի: 1999 թվականի համեմատությամբ վաճառքի ծավալները քառապատկվել են՝ հասնելով 4 միլիոն լիտրի, իսկ ապրանքաշրջանառությունը 2003 թվականին կազմել է 31,4 միլիոն դոլար:

Այս ցուցանիշները հրապարակվեցին «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ավելի քան 5 տարի գլխավորած Պիեռ Լառեչի հրաժեշտի ասուլիսում:

«Իմ ամբողջ կյանքի, երեւի ամենանշանակալից տարիներին էին, որովհետեւ կային շատ դժվար պահեր, կային սովորական եւ դյուրին պահեր, բայց ամեն մեկը շատ կարեւոր էին ինձ համար: Հայաստանից գնում եմ մեծ հուզմունքով եւ անպայման կվերադառնամ», - լրագրողներին ասաց Լառեչը:

Լառեչին փոխարինելու է 37-ամյա Էրվե Կարոֆը, ով արդեն 2004-ի հունվարի 1-ից ԵԿԳ-ի գլխավոր տնօրենն է, իսկ հուլիսի 1-ից կստանձնի նաեւ ընկերության նախագահի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է որպես «Պեռնո Ռիկար Ռուս» ընկերության ֆինանսավարչական տնօրեն:

Այսօրվա ասուլիսում Կարոֆը հավաստիացրեց, որ այս տարիների ընթացքում հայկական կոնյակը չի նմանվել ֆրանսիականին. - «Հողն ու արեւը հայկական են, խաղողը՝ նույնպես: Տեխնոլոգիաները հայկական են, խաղողագործներն ու կոնյակագործները՝ նույնպես»:

«Եվ եթե ղեկավարների մեջ կան 2-3 ֆրանսիացիներ, դա չի նշանակում, որ այս կոնյակը կդառնա ֆրանսիականին նման», - ասաց նա:


Շաքե Ավոյան

(Լուսանկարում՝ Պիեռ Լառեչը (ձախից) եւ Էրվե Կարոֆը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG