Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ոստիկանին պլաստիկե շշով հարվածած Էդգար Առաքելյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Լրագրողների վրա հարձակված Աշոտ Ավետիսյանն ու Հրայր Հարությունյանը տուգանվեցին 100 հազարական դրամով: Այս պարզ հակադրությունից միանգամայն ակնհայտ են թե' մեր արդարադատության «հակումները», եւ թե' վերոնշյալ երկու անձանց «անկախությունը» իշխանական եւ «օլիգարխական» կառույցներից», - ի մի է բերում «Առավոտ» թերթը: - «Երեկ դատարանում սեւ շապիկներով «համազգեստ» հագած «սափրած գլուխները» նույնքան լպիրշ էին եւ իրենց անպատժելիության մեջ նույնքան վստահ, ինչքան լկտի էին ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ՝ հանրահավաքի ժամանակ: Երեկ նրանք հայհոյում եւ ծաղրում էին լրագրողներին, թքած ունեին դատարանում ներկա ոստիկանների եւ դատը վարող Ռուբիկ Ներսիսյանի վրա: Նրանք իրենց իրավունք վերապահեցին կանգնել դատարանի (պետության արդարադատությունը իրականացնող կարեւորագույն հիմնարկի) դռան առջեւ եւ ներս թողնել քաղաքացիներին՝ իրենց հայեցողությամբ: Եվս մեկ անգամ ապացուցելով, որ պետությունն ու օրենքը նրանց համար զրո են, իսկ նրանց տերերն՝ ամենակարող: Դրանից հետո քանի՞ կոպեկ արժե ամբաստանյալների հայտարարություններն այն մասին, իբր զղջում են իրենց արարքների համար: Վաղը նրանք նույն անպատժելիությամբ կկատարեն իրենց տերերի նոր հրահանգները: Ծայրահեղ դեպքում՝ մի քանի դոլար տուգանք կտան»: «Իսկ թե ինչու էր դատավարության իմիտացիա իրականացվել, հասկանալի է», - եզրափակում է «Առավոտ»-ը: - «Այսօր Հայաստանում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի համանախագահը, եւ նրան իշխանությունները կզեկուցեն, թե լրագրողների դեմ բռնություններ իրականացրածները պատժվել են»: «Իրավունք» թերթում եւս շեշտադրված է, որ երեկ «սափրագլուխների «ախպերությունը» դատարանի դահլիճի եւ ամբողջ դատաքննության տերն ու տնօրենն էր»: Այստեղ առանձնացվում է եւ, որ մեկ լրագրող ծեծելը միայն 50 հազար դրամ գնահատած դատավոր Ներսիսյանը մյուս կողմից էլ միշտ աչքի է ընկել միտինգավորներին կալանքի դատապարտելիս:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր արձանագրում է, որ իրենց կազմակերպած «Նախագահի միջանկյալ ընտրությունների» քարոզարշավի ընդգծված լիդերներ են շարունակում մնալ Արտաշես Գեղամյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ընթերցողների բուռն ակտիվությունը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, ընդամենը մի բանի մասին է վկայում. - «Հայաստանում քաղաքական լուրջ վերափոխումների պահանջարկ կա, եւ եթե այդ վերափոխումները չկայանան, շատ բարդ հետեւանքներ կարող են լինել»:

Այսօր լրանում է քաղաքական կոալիցիայի ձեւավորման մեկ տարին: «Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ, այն կայունացնող դեր խաղաց երկրի քաղաքական կյանքում, բայց «դրան զուգահեռ, ակնհայտ դարձավ նաեւ, որ իշխանության քաղաքական դեմքի պարզ թվաբանական հստակեցումը՝ Հանրապետականներ + «Օրինաց երկիր» + ՀՅԴ բանաձեւը իշխանություններ - ժողովուրդ հարաբերությունների հարթության վրա ոչ միշտ է ընկալվում որպես միասնական եւ ուժեղ քաղաքական թիմի գաղափար»: Եվ դա պայմանավորված է հետեւյալ պատճառներով. - «Քաղաքական կոալիցիայի հռչակագրում նախանշված նպատակների իրականացման դանդաղ ընթացքը, երեք կուսակցությունների ծրագրերի համադրման փաստացի բացակայությունը, առանձին-առանձին պոպուլիստական քայլեր ձեռնարկելու, խորհրդարանի ամբիոնից սեփական կուսակցության գովքն անելու գործելակերպը, կադրային նշանակումների հարցում անզեն աչքով անգամ նշմարվող թերությունները»: Ինչ վերաբերում է կոալիցիայի գլխավոր բացթողմանը, մատնանշվում է. - «Գործադիրի հետ միաձուլման՝ բյուրոկրատացման վտանգավոր միտումը միշտ էլ հղի է հենարանի՝ ընտրազանգվածի կորստյան հեռանկարով, որն անմիջապես քաղաքական նախաձեռնությունը հանձնում է ընդդիմությանը՝ ի վերջո ցնցումների դատապարտելով ողջ երկիրը»: «Հավաքական պատասխանատվության հիմքի վրա կուսակցությունների կողմից իշխանության ձեւավորման մեխանիզմները հետագա լուրջ կատարելագործման կարիք ունեն», - ամփոփում է «Հայոց աշխարհ»-ը: «Կոալիցիայի իրական «գաղափարական» հենքը իշխանության մաս կազմելն է եւ իշխանությունը պահելը», - ձեւակերպել է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը՝ համադրելով. - «Եվ իզուր են ընդդիմությանը մեղադրում գաղափար չունենալու մեջ: Ընդդիմությունն էլ նույն գաղափարն ունի՝ գալ իշխանության եւ պահպանել այն»։ «Այբ-Ֆե» թերթում էլ այսօր ընդգծվում է. - «Մենք այլեւս գիտակցում ենք, որ ընդդիմությունը ոչ թե ժողովրդի առաջադրած խնդիրները լուծելու համար է հավաքվում, այլ՝ աշխարհի տարբեր ծագերը լուսանկարներ, տեսանյութեր ուղարկելու՝ թե տեսեք մենք որքան հետեւորդ ունենք: Իրոք անհրաժեշտ է ընդդիմության ճամբարում իշխանափոխություն կատարել: Այսօրվա ընդդիմությունն արդեն երկու անգամ ձախողել է լուրջ գործը: Երրորդ անգամ սխալվելու շանս նույն մարդկանց պարզապես չի կարելի տալ», - բխեցնում է «Այբ-Ֆե»-ն:

Ավարտվող շաբաթն ամփոփելով «Ամառ, որի ընթացքում փոփոխություններ են հղանալու» վերնագրի տակ՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը այդ փոփոխությունների հիմնական ազդակ, այնուամենայնիվ, դրսում է տեսնում՝ նշելով. - «Չնայած Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հավաստիացումներին, թե Ղարաբաղի հիմնահարցում ոչ մի կտրուկ տեղաշարժ չի սպասվում, այնուամենայնիվ, կարծես թե ուժգնանալու է միջազգային ճնշումը հենց այդ հարցում՝ դառնալով ներքաղաքական շրջադարձերի կատալիզատոր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG