Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի օգտվել ՀԲ արտոնյալ երկարաժամկետ վարկավորումից


Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի պատասխանատուների փոխանցմամբ, հինգշաբթի երեկոյան բանկի տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում հաստատել է 2005-2008 թվականներին Հայաստանի աջակցման քառամյա ծրագիրը, որը նախատեսում է առավելագույնը 220 միլիոն դոլարի վարկավորում։ Առաջիկա չորս տարիներին եւս, այսպիսով, Հայաստանը կշարունակի օգտվել բանկի երկարաժամկետ արտոնյալ վարկերի պատուհանից։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում ասաց, որ այդքան գումար կտրվի, եթե Հայաստանը բավարարի զարգացման միջազգային ընկերակցության առավելագույն չափանիշներին՝ պահպանի բարձր տնտեսական աճը ու հետեւողական լինի բարեփոխումների ուղեգծում։

Սարգսյանի փոխանցմամբ, Վաշինգտոնում գտնվող ՀԲ-ի կենտրոնական գրասենյակում երեկ հիրավի հայկական օր էր, քանի որ երկրի աջակցման նոր ռազմավարության հետ միասին բանկը հաստատել է նաեւ հուլիսի 1-ին ավարտվող եռամյա ծրագրից ածանցյալ երեք ենթածրագիր՝ 30 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Բանկի երեւանյան գրասենյակի ծրագրերի գծով պատասխանատուները, ներկայացնելով այդ ծրագրերը, հայտնեցին, որ այդ գումարներից 19 միլիոն դոլարը կհատկացվի Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին, 5,5 միլիոնը՝ սոցիալական ոլորտի, մասնավորապես, կենսաթոշակային համակարգի եւ զբաղվածության ծառայությունների հզորացմանը: Եվս 6,5 միլիոն դոլար կտրվի 47 ջրամբարների առավել վտանգավոր պատվարների ամրացման ծրագրին։

Առողջապահական վարկի գումարները, ըստ ծրագրի ղեկավար Սուսաննա Հայրապետյանի, կուղղվեն Հայաստանի հիվանդանոցների ցանցի օպտիմալացմանը. Երեւանում գործող 44 հիվանդանոցների փոխարեն կմնան 6 միավորումներ: Ամբողջությամբ կներդրվի ընտանեկան բժշկության ինստիտուտը։

Գնահատելով երկրի աջակցման նոր ռազմավարությունը, Վիգեն Սարգսյանը ասաց, որ տրվող նոր գումարները լրջորեն չեն ծանրացնի երկրի արտաքին պարտքի բեռը:

«Ներկայումս ԱՊՀ երկրներից թերեւս ամենակառավարելի արտաքին պարտքը Հայաստանինն է, որտեղ արտաքին պարտքի գումարը կազմում է ՀՆԱ-ի [համախառն ներքին արդյունքի] 39 տոկոսը, ինչը բավական լավ ցուցանիշ է», - ասաց նա՝ շարունակելով. - «50 տոկոսից այն կողմ արդեն լուրջ խնդիրներ են ծագում, եւ ԱՊՀ մի շարք երկրներ նմանատիպ վիճակում են՝ ներառյալ մեր հարեւանները»:

Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ տրված երեք վարկերի հետ միասին Հայաստանի ընդհանուր պարտքը Համաշխարհային բանկին կկազմի 820 միլիոն դոլար: Հաշվի առնելով նաեւ երկրի աջակցման նոր ռազմավարությունը՝ 2008 թվականին Հայաստանի պարտքը իր թիվ մեկ ֆինանսական դոնորին կհատի 1 միլիարդ դոլարի սահմանագիծը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG