Մատչելիության հղումներ

Կառավարությունն իր այսօրվա նիստում վերջապես որոշեց ծախսել անցյալ տարվանից խնայած 12 միլիարդ 800 միլիոն դրամը, ինչը այդքան չափով պետական բյուջեի ծախսային մասի ավելացում է ենթադրում։ Անկախացումից ի վեր Հայաստանի պատմության մեջ սա առաջին նմանօրինակ դեպքն է։

Նիստից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը լրագրողներին պարզաբանեց, որ պետական միջոցների տնտեսումը առաջացել է հիմնականում արտաքին պարտքի սպասարկման, ինչպես նաեւ պետական գնումներն ավելի էժան կատարելու շնորհիվ։

Արտաքին պարտքի սպասարկման համար ավելի քիչ գումար է պահանջվել, քանի որ Ռուսաստանի պարտքը մարվել է գույքով:

Տնտեսված գումարից մոտ 7 միլիարդ դրամը, Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, կտրամադրվի դպրոցաշինությանն ու դպրոցների հիմնանորոգմանը: Գումարներ են նախատեսվել նաեւ դպրոցների ջեռուցումը լրիվ անկախ դարձնելու, ինչպես նաեւ դպրոցների սպորտային համալիրները կարգի բերելու համար։

Կառավարության այսօրվա նիստը, որ վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց առաջարկել նախագահին վաղը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել, եւ մի շարք օրինագծերի հետ մեկտեղ քննարկել եւ ընդունել նաեւ «2004 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, տնտեսված միջոցներից լրացուցիչ գումարներ կհատկացվեն նաեւ աղետի գոտում բնակարանաշինության, գյուղերի գազիֆիկացման, ինչպես նաեւ ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման նպատակով։

Կառավարությունը որոշել է տնտեսված գումարների հաշվին նաեւ զսպել ոռոգման ջրի սակագնի աճը. հակառակ պարագայում ջրի խորանարդ մետրը ներկայիս 7 դրամից պետք է դառնար 9 դրամ:

«Ոռոման ջրի սակագինը չբարձրացնելու արդյունքում, ինչպես պլանավորված էր 2004 թվականի բյուջեով, այս տարբերությունը՝ 1 միլիարդ 100 միլիոն, մենք կտրամադրենք Ջրային կոմիտեին, որպեսզի ոռոգման համակարգի այդ ճեղքվածքը կապված սակագնի հետ փակվի», - պարզաբանեց նախարարը:

Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունը հրաժարվել է աղքատության նվազեցման աջակցման նպատակով Համաշխարհային բանկի տրամադրելիք 25 միլիոն դոլար վարկի 5 միլիոնից, որը նախատեսված էր արտասահմանյան խորհրդատվության համար:

«Լրացուցիչ խորհրդատվության համար վարկ չենք վերցնելու», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա»-ի անհատույց օգնությանը, ապա այդ կառույցից Հայաստանի կառավարությունը, Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, ակնկալում է առաջիկա 5 տարիներին մոտ 700 միլիոն դոլար ստանալ: Միայն այս տարվա ակնկալիքը 100 միլիոն է։ Այդ օգնությունը ստանալու դեպքում կառավարությունը պատրաստվում է դրանք ծախսել կրթության, առողջապահության ոլորտների , ինչպես նաեւ գյուղական ճանապարհների նորոգման եւ ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերի վրա։

Վարդան Խաչատրյանը ասաց, որ «Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա»-ին ներկայացվելիք ծրագրերի փաթեթը կքննարկվի եւ կամբողջացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG