Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հինգշաբթի օրը վճռեց ընդամենը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանել «Ազգային միաբանություն» կուսակցության՝ ապրիլի 5-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած Արտաշատի Հրո մականունով Հրայր Հարությունյանին եւ Բանգլադեշի Համո մականունով Աշոտ Ավետիսյանին:

Քրեական գործի դատավարությունը սկսվեց բավականին տարօրինակ մթնոլորտում. դատական նիստը լուսաբանելու եկած լրագրողների, դատական նիստին հրավիրված տուժողների ճանապարհը դեպի նիստերի դահլիճ փակել էին մի քանի հաղթանդամ երիտասարդներ՝ ասելով, թե դահլիճում տեղ չկա:

Երկար բանակցություններից, դատարանի նախագահի միջամտությունից հետո տուժողներին եւ մի քանի լրագրողների թույլ տվեցին ներս մտնել դատական դահլիճ: Նիստին մասնակցեցին եւ ցուցմունքներ տվեցին «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը եւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի օպերատոր Ռոմիկ Խաչատրյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ թերթի թղթակից Հայկ Գեւորգյանը ներս մտնելուց հետո հրաժարվեցին մասնակցել դատական նիստի, որտեղ կարգուկանոն հաստատում են ամբաստանյալների թիմակիցները կամ երկրպագուները:

Ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ եւ պատասխանել կողմերի հարցերին: Հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմուքները. պարզվեց, որ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ երկուսն էլ պատահական էին հայտնվել «Նաիրի» կինոթատրոնի տարածքում եւ ակամա էին դարձել միջադեպի ակտիվ մասնակիցներ, ակամա բռնություն էին կիրառել լրագրողների նկատմամբ, կոտրել էին լրագրողների տեսախցիկները ու լուսանկարչական ապարատները:

Հրապարակվեց նաեւ, որ երկուսն էլ որեւէ թիկնազորից չեն, քաղաքականությամբ չեն զբաղվում, բարոյապես կայուն, ընտանիքին եւ հասարակությանը նվիրված անձինք են, օգնում են ծերերին ու հարեւաններին:

Ամբաստանյալ Հրայր Հարությունյանը, ըստ նախաքննական ցուցմունքի, այդ օրը Արտաշատից եկել էր Երեւան՝ ընդամենը Մատենադարանի մոտից խմորեղեն գնելու, եւ միջադեպից հետո կատարել է իր գնումները եւ վերադարձել Արտաշատ: Մյուս ամբաստանյալը՝ ընտանիքի հայր Աշոտ Ավետիսյանը, այդ օրը «Առագաստ» սրճարանում ժամադրվել էր «պատահական ծանոթ» Կարինեի հետ: Սրճարանից դուրս գալուց հետո «Նաիրի» կինոթատրոնի մոտ նկատել է, որ ինչ-որ կին իրեն լուսանկարում է, մտածել է, թե լուսանկարը կհրապարակվի եւ տանը «պատմություն կլինի», եւ որոշել է, ըստ ցուցմունքի, փչացնել իրեն լուսանկարող Աննա Իսրայելյանի ապարատը եւ «Հայլուր»-ի տեսախցիկը:

Մեղադրող կողմը ներկայացնող Երեւանի դատախազի օգնական Երիցյանը իր մեղադրական ճառում ասաց, թե գործում կան բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ՝ ամբաստանյալները կամավոր ներկայացել են նախաքննության մարմնին, զղջացել ու իրենց մեղավոր են ճանաչել: Երիցյանը միջնորդեց երկուսին էլ տուգանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, այսինքն 100 հազարական դրամ:

Դատավարության վերջում տուժող Աննա Իսրայելյանը հրաժարվեց ճառից՝ ասելով, թե մեղադրողի ճառից հետո ամեն ինչ ակնհայտ է, ուստի ոչինչ չի ուզում ասել:

«Ինձ համար ակնհայտ է, որ իրենք ընդամենը հրաման էին կատարել՝ այդ օրը հայտնվելով «Նաիրի» կինոթատրոնի մոտ», - ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում ասաց Իսրայելյանը: - «Ենթադրում էի, որ այսպես էլ պիտի լինի. ընդամենը տուգանքով կամ պայմանական ազատազրկմամբ... գլուխները կպրծացնեն: Նախաքննությունը, ոչ էլ դատաքննությունը չցանկացան բացահայտել ամբողջական պատկերը՝ թե այդ օրը ինչ էր տեղի ունեցել»:

Դատարանում պարզվեց նաեւ, որ գործից մաս է անջատվել՝ միջադեպի մյուս հնարավոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:

Մինչեւ դատավճռի հրապարակումը՝ խորհրդանական ճեպազրույցների ժամանակ հարցին, թե ապրիլի 5-ին իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն գործադրածների համար ինչպիսի՞ պատիժ կցանկանային, օրենսդիրներից շատերը, ինչպես, օրինակ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, հրաժարվեցին պատասխանել:

«Պետք չի գնալ արածին ավելի խիստ պատասխան տալու ճանապարհով. ցանկացած բռնություն ծնում է բռնություն», - ասաց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը՝ ավելացնելով, թե վերջին հաշվով պետք է նմաններին պարզապես չբարեւել:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, մինչդեռ, հակառակ կարծիքին է. - «Կողմ կլինեի, որ նրանց ամենախիստ պատիժը տային»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը՝ ասելով, որ իրավունք չի վերապահում թեկուզ երեւակայորեն պատիժ սահմանել, փոխանցեց հետեւյալ դիրքորոշումը. - «Մենք շատ լուրջ աշխատանք ունենք վերջապես ազատ խոսք Հայաստանի Հանրապետությունում ունենալու եւ [այն] պաշտպանելու համար»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG