Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ն այսօր առանձնացրել է. - «Հունիսի 17-ին մեր թերթում տպագրվելիք քվեաթերթիկների միջոցով անցկացվելիք «Հայաստանի նախագահի միջանկյալ ընտրությունների» նախընտրական քարոզարշավի երեկվա օրը նշանավորվեց նրանով, որ մեր ինքնապատասխանիչի վրա ստացվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին քարոզող հաղորդագրություն: Այն հետեւյալն է. «Ես իմ ձայնը տալու եմ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես հավասարակշռված, բոլորից առանձնացող, խելացի ղեկավարի: Միայն նա կարող է մեր երկիրը առաջ տանել: Այդ է ցույց տալիս նրա աշխատանքային հետագիծը»: «Ընտրողների ակտիվությունը նախորդ օրվա համեմատ նկատելիորեն աճել է», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - Նախորդ օրը նախանշված միտումները, սակայն, երեկ նույնպես պահպանվեցին. մասնավորապես՝ առավելագույն ակտիվություն են ցուցաբերում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի համախոհները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց առաջնորդին քարոզելու համար: Երկրորդ տեղը վստահորեն պահպանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները»: Ընդհանուր առմամբ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, ընթերցողները աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերում այս ամենի նկատմամբ, եւ դա հետեւանք է այն բանի, որ երկար տարիներ հասարակական կարծիքը Հայաստանում համարվում է պետական գաղտնիք»:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի այս նախաձեռնությանը, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Առաջին հայացքից, թվում է, թե ինչ կա որ՝ թերթն իր այդ «միջանկյալ» նախաձեռնությամբ փորձում է օգնության ձեռք մեկնել արմատականներին, որոնց կազմակերպած միտինգները այդպես էլ արդյունք չտվին: Դա էլ կա, բայց... առաջնային երկու թեկնածուների (Գեղամյան, ՏերՊետրոսյան) վարկանիշային արդյունքների, «զանգահարողների» պիարների հրապարակումը առավել թափանցիկ դարձրեց այն, թե ինչ է թաքնված թերթային ընտրատեղամասի վարագույրի հետեւում»։ «Այս ողջ «ընտրական գործընթացը» նվիրված է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ «Ազգովին խնդրելու» միջանկյալ փուլում ենք», - պատկերավորում է մեկնաբանը: - «Այս ամենը այլ բան չի նշանակում, քան հանրությանը պարտադրել, նրա մտքին ու աչքին վարժեցնել նախկինի կերպարը, մարդկանց հաշտեցնել այն մտքի հետ, որ «տրամաչափով ամենաբարձր» այս գործչի վերադարձը անխուսափելի է... Սույն ակցիան հիմնականում միտված է նրան, որ արմատականները հաղթահարեն վախը, դադարեն սարսափել ՀՀՇ-ի ականջներից եւ ընդունելով սեփական (քաղաքական մարտավարական) սխալները, համախմբվեն միակ «այլընտրանքի»՝ նախկին նախագահի գաղափարական թիկնոցի ներքո», - խտացվում է «Հայոց աշխարհ»-ում։

«Առավոտ» թերթն այսօր խմբագրականում շեշտում է. - «Հանրահավաքներ կազմակերպող ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել մի հիմնական պատճառով. «Արդարություն» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները, ինչպես նաեւ՝ «Ազգային միաբանություն»-ը, որեւէ քաղաքական կամ գաղափարական հակասություն չունեն Ռոբերտ Քոչարյանի եւ իշխող կոալիցիայի հետ: Արտաքին քաղաքականության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են, թե իրենցից ո՞վ է ավելի ռուսամետ եւ հայրենասեր՝ «Ղարաբաղը չծախելու» հարցում: Ներքին քաղաքականության ասպարեզում կողմերը մրցում են սոցիալ-պոպուլիզմի դաշտում: Այսինքն՝ ո՞վ է ավելի շատ «մտածում ժողովրդի մասին» կամ պատրաստակամ՝ թեթեւացնելու նրա հոգսերը: Միեւնույն մտածողության, բառապաշարի եւ «մենթալիտետի» գործիչները փորձում են իրար փոխարինել պետության ղեկի մոտ՝ «թող մի քիչ էլ մենք ղեկավարենք» հիմնավորումով»: «Միտինգների ընտրազանգվածը հույս ուներ, որ վաղը կլինի իշխանափոխություն, իսկ մյուս օրը՝ «ժողովրդի մասին մտածող իշխանությունը» իրենց կկերակրի: Բայց քանի որ մի քանի ամսում իշխանությունը չփոխվեց, այդ ընտրազանգվածը սկսեց կամաց-կամաց փոշիանալ», -եզրափակված է «Առավոտ»-ում: - «Ո՞վ ասաց ձեզ, որ պետությունը պետք է ձեր հարցերը լուծի: Ո՞վ է ձեզ համոզել, որ իշխանավորները ձեր համար ինչ-որ լավ բան պիտի անեն: Այդպիսի ակնկալիքներով ոչ իշխանություն է հնարավոր փոխել, ոչ էլ՝ երկրի բարգավաճմանը հասնել»:

«Իշխանությունները նպաստում են տնտեսության ստվերայնացմանը» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը ի մի է բերել. - «Ցածր աշխատավարձերը, 12–14-ժամյա եւ առանց հանգստյան օրերի աշխատանքը «գործարար» խավը զուգակցում է հարկերից խուսափելով եւ վաճառվող ու արտադրվող ապրանքների գների պարբերաբար բարձրացումներով... Իշխանությունները ոչ միայն էական ոչինչ չեն ձեռնարկում, այլեւ իրենք են ստեղծում այդ վիճակը եւ իրենց բաժինը ստանում ստացվող գերշահույթներից: Մասնավորապես հարկերից խուսափելու եթե ոչ գլխավոր, ապա հիմնական պատճառներից մեկը հարկային, մաքսային մարմինների եւ սոցիալական հիմնադրամի աշխատակիցների՝ կաշառք ստանալու միջոցով ձեռներեցներին արվող նպաստավոր առաջարկներն են, այդ նպատակին հարմարեցված օրենսդրական դաշտը»: Բերելով դրա մի շարք օրինակներ՝ մեկնաբանը ամփոփել է. - «Հարկ ենք համարում տնտեսական աճի տոկոսներից իրենց ոգեւորությունը չթաքցնող երկրի ղեկավարներին առաջարկել, որ այդ տոկոսների եւ բնակչության սոցիալական կացության վրա դրանց ազդեցության բացակայության պատճառները փնտրեն հենց նշված երեւույթների մեջ»:

«Մեծ հանդիսություններով կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը ընդունելուց հետո Հայաստանի իրավապահները գրանցել են ընդամենը երկու կաշառքի դեպք: Մինչդեռ կոռուպցիան, հակառակ պաշտոնյաների պնդումների, արմատական բնույթ է ձեռք բերել եւ սպառնում է երկրի անվտանգությանը», - գրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Կոռուպցիայի լծի տակ ընկած հասարակությունն էլ ավելի ու ավելի է վրդովվում իշխանությունների անգործությունից եւ կոռուպցիոներների հովանավորչությունից: Ըստ ամենայնի, նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն էլ նույնանուն ծրագրի պես մի հնարք է հասարակությանն ու միջազգային կազմակերպություններին մոլորեցնելու-քնեցնելու նպատակով», - ընդգծված է «Գոլոս Արմենիի»-ում: - «Դժվար թե այդ խորհրդի անդամներն ուզենան պայքարել եւ իրենք իրենց դեմ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG