Մատչելիության հղումներ

Ընդդիմության ակտիվիստի նկատմամբ հարուցված քրեական գործը տեղափոխվել է մայրաքաղաք


Արտաշատի բնակիչ, ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի դեմ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառում» մեղադրանքով հարուցված քրեական գործի վարույթը հանձնվել է Երեւանի Էրեբունի համայնքի դատախազությանը, որտեղ ուրբաթ առավոտյան առերեսում է անցկացվելու նրա եւ Արտաշատի ոստիկանների միջեւ:

Միացյալ ընդդիմության գարնանային հանրահավաքային ալիքի ընթացքում՝ ապրիլի 23-ին Վիրաբյանին կանչել էին Արտաշատի ոստիկանություն իր խոսքերով՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով, սակայն զենքի մասին հարցեր իրեն չեն տրվել, փոխարենը բավական կոպիտ՝ հայհոյելով ու ծեծելով, փորձել են հետ պահել նրան հանրահավաքների մասնակցելուց: Հարվածներից մեկին Վիրաբյանը պատասխանել հարված է հասցրել, ինչից հետո նրան ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել. բժիշկները ստիպված են եղել հեռացրել են նրա ամորձիներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը ասաց, թե համոզված է, որ իրեն կդատապարտեն:

«Այլապես պետք է մեղավորներին պատժեն: Իսկ իրենք երբեք այդ ոստիկաններին չեն պատժի, որովհետեւ ամբողջ համակարգը կփլվի: Նրանք չեն կարող թույլ տալ, որպեսզի դա նախադեպ լինի», - ասաց նա՝ պնդելով, թե նման կարգի բռնություններ ոստիկանության աշխատակիցները կիրառել են ամբողջ երկրով մեկ:

Վիրաբյանը, անշուշտ, փորձել է գործ հարուցել իրեն ծեծողների` Արտաշատի ոստիկանության աշխատակիցների դեմ, բայց նրա դիմումը մերժվել է: Ընթացք չեն ստացել նաեւ երկրի վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին ուղղված դիմումները:

Ուստի վաղը Վիրաբյանը փորձելու է պաշտպանվել. նա արդեն հույս չունի, թե իրեն դաժանորեն ծեծողները պատասխանատվության կենթարվեն:

«Ազատություն» ռադիոկայանին Վիրաբյանը ասաց նաեւ, թե համոզված է, որ գործում առկա բժշկի տեղեկանքը տրվել է ոստիկանների ճնշման ներքո:

«Ես համոզված եմ, որ դատական բժշկի վրա ճնշում են գործադրել, որովհետեւ օրգանի հեռացումից հետո, դատական բժիշկը տեղեկանք է տվել՝ միջին մարմնական վնասվածք», - ասաց նա:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG