Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարը «մրցունակ տարբերակ» է համարում Մեծամորի փոխարեն նոր ատոմակայանի կառուցումը


Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը չորեքշաբթի օրը, գրեթե բառացիորեն կրկնելով երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կաներ Ճշմարիտյանի խոսքերը, թե մինչեւ այլընտրանքային էներգետիկ հզորությունների ստեղծման հարցի հստակեցումը հնարավոր չէ նշել Մեծամորի ԱԷԿ-ի փակման կոնկրետ ժամկետներ, հայտարարեց, որ նոր ատոմակայանի կառուցումը նույնպես «մրցունակ տարբերակ է»:

«Լրիվ նոր ատոմակայանի կառուցումը նույնպես ալտերնատիվ տարբերակ է նոր հզորություն ունենալու», - չորեքշաբթի օրը Գավառում գերմանական KFW զարգացման բանկի միջոցներով վերակառուցված «Կամո-2» բարձրավոլտ ենթակայանի բացման արարողության ժամանակ ասաց Մովսիսյանը: - «Եվ բավականին մրցունակ տարբերակ է մյուսների համեմատությամբ»:

Ինչ վերաբերում է եվրոպացիների արձագանքին հայկական կողմի նախկինում արդեն հնչեցրած եւ այժմ վերահաստատվող այս մտադրությանը, ապա այստեղ Արմեն Մովսիսյանը լուրջ մտավախություններ չունի:

«Եվրամիությունը երբեք չի հայտարարել, որ դեմ է նոր ատոմակայանի կառուցմանը» - ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով. - «Բնականաբար, եթե այդքան փող են դնում, պետք է պնդեն, որ ոչ թե նոր ատոմակայան կառուցվի, այլ ստեղծվեն էներգիայի այլ աղբյուրներ»:

Արմեն Մովսիսյանի խոսքով, երկրի էներգետիկ համակարգից կպահանջվի բավական ժամանակ եւ լուրջ միջոցներ՝ որպեսզի դադարեցվի ատոմակայանի գործարկումը եւ ստեղծվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:

«Այդ ամենը, ըստ գնահատումների, կարժենա մոտ մեկ միլիարդ դոլարի կարգի թիվ: Մենք ասում ենք՝ երբ կտեսնենք այդ ֆինանսավորման հավանական աղբյուրները, ըստ այդմ կարող ենք նշել հավանական այն ժամկետները, որի ընթացքում կարող ենք կառուցել այդ կայանները, եւ որի ընթացքում արդեն կարող ենք հասնել ատոմակայանի փակմանը», - ասաց Մովսիսյանը:

Բարձրավոլտ ենթակայանի բացմանը թե' էներգետիկայի նախարարը, թե' արարողությանը մասնակցող վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հիմնականում խոսում էին հենց ատոմակայանի ճակատագրի մասին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պնդմամբ, ատոմակայանը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ չեն գտնվել: Նրա խոսքերով, սակայն, այն գումարը, որ այսօր առաջարկում են Հայաստանին այդ խնդիրը լուծելու համար եվրոպական կառույցները, վստահաբար չի բավարարի ո'չ ատոմակայանի փակման, ո'չ էլ նոր էլեկտրակայանների կառուցման համար:

«Ասում են, որ հարյուր միլիոն կտան, բայց այդ հարյուր միլիոնով հնարավոր չէ ատոմակայանը փակել եւ ալտերնատիվ աղբյուրներ ունենալ», - ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Եթե ատոմակայանի հարցում պաշտոնական Երեւանն ու եվրոպական կառույցները դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա էներգետիկ ավելի փոքր ծավալ պահանջող խնդիրներում, կարծես, լեզու գտնում են: Այսպես, 2005 թվականին, ըստ Արմեն Մովսիսյանի, գերմանական միջոցներից Հայաստանին կտրամադրվի 30 միլիոն եվրո՝ արդեն մինի-հիդրոէլեկտրակայանները զարգացնելու համար:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG