Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հետաքրքրությունը, որ մեր ընթերցողները ցուցաբերում են «Հայկական ժամանակ»-ի նախաձեռնած «Միջանկյալ նախագահական ընտրությունների» նկատմամբ, իսկապես անսպասելի է», - արձանագրվում է այսօր այս թերթում: - «Զանգերը այնքան շատ էին, որ մենք փաստորեն ի վիճակի չենք վերլուծել դրանք ամբողջությամբ: Այսուհանդերձ, երեկվա դրությամբ ակնհայտ դարձան նախընտրական քարոզարշավի ֆավորիտները՝ Արտաշես Գեղամյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան... Մյուս թեկնածուների կողմնակիցներն էլ, սակայն, հետզհետե ակտիվանում են», - գրանցում է «Հայկական ժամանակ»-ը՝ առանձնացնելով. - «Առայժմ ոչ մի հաղորդագրություն չի ստացվել Ռոբերտ Քոչարյանի օգտին»: «Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Քոչարյանը կողմնակիցներ չունի, միեւնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ նրանք տանուլ են տալիս առանց այն էլ Քոչարյանի համար անբարենպաստ քարոզչական ճակատում», - որակավորում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի ձեւակերպմամբ՝ հանրահավաքային նոր ալիք բարձրացնելու փորձերի ձախողումից հետո արմատական ընդդիմությունը կարծես թե վերախմբագրում է իր մարտավարությունը՝ որդեգրելով ներքաղաքական կյանքում գոյություն ունեցող լարվածությունը մի կերպ պահպանելու եւ դրան զուգընթաց՝ արտաքին-քաղաքական ինչ-ինչ տեղաշարժերից օգտվելու գործելակերպ: «Բայց արտաքին նոր մարտահրավերները, որոնց հավանականությունը իսկապես մեծ է, հանդիսանալու են ոչ թե միայն իշխանություններին, այլ ողջ երկրին, այդ թվում եւ նրա մի մասը կազմող ընդդիմությանը նետված ձեռնոց», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ը: - «Չի կարելի ողջ ազգին ու պետությանը սպասվող մարտահրավերների մասին հիշեցնելով՝ շանտաժի ենթարկել իշխանությանը, առավել եւս սեփական մարտավարությունը կառուցել դրանցից օգտվելու բոլշեւիկյան տրամաբանության վրա... «Համազգային հիմնախնդիրների դրական լուծման» համար երկխոսության գնալու վճռորոշ պայմանը հրաժարումն է երկրին սպասվող արտաքին դժվարություններից օգտվելու մարտավարությունից», - բանաձեւված է «Հայոց աշխարհ»-ում - «Քանի դեռ ընդդիմությունը իր հույսը դնում է Եվրախորհրդում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի քննարկման վրա, շարունակում է միջնորդավորված դիմում-բողոքներով «ռմբակոծել» աշխարհի հզորների դռները, բայց հրաժարվում է բացել սեփական Ազգային ժողովի դուռը, նա հենց ինքն է փակում ներքաղաքական հավանական երկխոսության ճանապարհը»:

Խորհրդարանի ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ մնում է այն տեսակետին, թե «ընդդիմության իրականացրած գործառույթները նաեւ հրահրված էին մոսկովյան առեւտրային կառույցների կողմից»: «Խոսքը այն կառույցների մասին է, որոնք չեն ներկայացնում Ռուսաստանի իշխանությունը եւ գործում են հայկական շահերի շրջանակում», - ասում է նա «Առավոտ» թերթի հարցազրույցում: - «Մոսկովյան այդ կառույցներն ունեն բիզնեսի որոշակի ծավալ, որն իրենց գայթակղության առջեւ է կանգնեցնում Հայաստանում ունենալ նաեւ պետական իշխանություն: Այլ խնդիր էլ կա. մոտեցել է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ակտիվ փուլը: Եվ մոսկովյան կառույցների հեռահար նպատակներից մեկն էլ այն է, որ բանակցային գործընթացի կողմ դառնան՝ թուլացնելով հայկական իշխանությունը ներսում»: «Ռուսաստանը Ղարաբաղի հարցում սպասարկում է սեփական խնդիրները եւ ոչ Հայաստանի», - ընդգծում է պատգամավորը: - «Այդ համատեքստում նաեւ չենք բացառում, որ Ռուսաստանը որդեգրի այլ դիրքորոշում՝ ոչ հայամետ, եթե իր խնդիրների սպասարկման արդյունավետությունն ավելի բարձր լինի այդ պարագայում»:

Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմության պայքարի որոշակի փուլ հասավ իր ավարտին եւ ժամն է երկխոսության: «Առավոտ»-ը այսօր փոխանցում է նրա հետեւյալ դիտարկումները. - «Մինչեւ Եվրախորհրդի նոր բանաձեւը իշխանությունները որոշակի ջանքեր կգործադրեն քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ, ինչն էլ հոգեբանորեն հնարավորություն կտա երկխոսելու։ Երկու կողմերն էլ պիտի հասկանան, որ հասել են պատի եւ միայն խոսելով այն կարելի է կոտրել... Մոտ երկու միլիոն մարդ Հայաստանից դուրս է եկել։ Առաջիկա երկխոսության եւ զարգացման հիմնական խնդիրը պետք է լինի անել ամեն ինչ՝ նրանց վերադարձնելու համար, թե չէ կխեղդվենք այս սակավ թվով եւ հիասթափությամբ»։

«Ոչ մի հանճարեղ ընդդիմադիր չի կարող այդպես վարպետորեն լարել զանգվածներին իշխանության դեմ, քան մեր քաղաքի պատասխանատուները», - «Ազգ» թերթում գրում է այսօր բանասիրության դոկտոր Ավիկ Իսահակյանը: - «Ամեն անգամ, երբ անցնում եմ Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի արձանի շրջակա հատվածով, ինձ թվում է, որ քաղաքի այս մասը գրավել է թշնամին... Երբեմնի ծաղկուն այգին կտոր առ կտոր բաժանվում է մի խումբ գիշատիչների միջեւ, շենք է կառուցվում մայթին՝ խափանելով հետիոտնի ճամփան: Նման շինությունների տերն ու պատվեր կատարողները առանց այդ էլ մեր անհանգիստ Երեւանում բազմապատկում են դժգոհ մարդկանց քանակը, սրում ժողովրդին ղեկավարության դեմ... Մի քանի «զորեղ» դրամատերերին կամ պաշտոնյաներին հագուրդ տալով, բարձրագույն իշխանությունը շատ ավելին է կորցնում», - հաշվարկում է բանասիրության դոկտորը: Երեւանի բետոնապատման թափը, սակայն, հուշում է, որ երկիրը ղեկավարողների համար ավելի համոզիչ են շարունակում մնալ այլ դոկտորների եւ որ դոկտորների ներկայացրած հաշիվները:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG