Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը «Ա1+»-ի հայցով պալատ է ձեւավորելու


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օրերս որոշում է կայացրել «Ա1+»-ի հայցով պալատ ձեւավորելու եւ քննություն անցկացնելու վերաբերյալ: 2002 թվականի ապրիլին կապուղուց զրկված եւ դրանից հետո մի քանի անգամ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) մրցույթներում պարտված հեռուստաընկերության ներկայացուցիչները երեքշաբթի օրը հատուկ ասուլիս էին հրավիրել այդ կապակցությամբ:

«Մի քանի օր առաջ մենք Եվրոպական դատարանից շատ կարեւոր տեղեկատվություն ստացանք, որ 7 դատավորից կազմված պալատի վարույթում քննվելու է «Ա1+» հեռուստաընկերության գանգատի ընդունելիության հարցը», - տեղեկացրեց հեռուստաընկերության շահերի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

Ընդունված որոշման մասին, Տեր-Եսայանի փոխանցմամբ, Ստրասբուգի դատարանը տեղեկացրել է նաեւ Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով նաեւ մինչեւ սեպտեմբերի 20-ը բացատրություններ տալ Եվրոդատարանի 4 հարցերի եւ «Ա1+»-ի գանգատին առնչվող մանրամասն զեկույցի վերաբերյալ:

Մանրամասնելով՝ փաստաբանը ասաց, որ կառավարությունը պետք է պատասխանի, թե արդյո՞ք համաձայն է, որ «Ա1+»-ի գանգատն ընդունել վարույթ: Եթե համաձայն չէ՝ ի՞նչ հիմնավորմամբ: Կամ արդյո՞ք Հայաստանում ապահովված է խոսքի ազատությունը՝ կրկին ակնկալելով հիմնավորված պատասխան:

Այդուհանդերձ, Եվրոդատարանի պալատը կաշկանդված չէ սկսած գործընթացը շարունակելու հարցում: Անկախ նրանից՝ կառավարությունը կպատասխանի Եվրոդատարանին, թե ոչ, լսումներ կլինեն:

«Մելտեքս» ընկերության (որի կազմի մեջ է մտնում «Ա1+»-ը) ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը եւ ընկերության շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր Եսայանը կարծում են, որ Եվրոդատարանից ստացված տեղեկատվությունն արդեն հուսադրող է եւ իրենք «շահեկան վիճակում են»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է ակնկալել «Ա1+»-ը Եվրոդատարանում հաղթելու դեպքում, Տեր-Եսայանը ասաց. - «Հաճախություն չեն տալու»:

Նրա խոսքերով, պարզապես արձանագրվելու է, որ իրավունքի խախտում է եղել, որի դիմաց Հայաստանի իշխանությունները պետք է հեռուստաընկերությանը հատուցեն նյութապես եւ բարոյապես:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG