Մատչելիության հղումներ

Ճշմարիտյան.«Մեծամորի ԱԷԿ-ի փակման կոնկրետ ժամկետ նշելը իրատեսական չէ»


Հայաստանի կառավարությունը ՄԵծամորի ԱԷԿը փակելու, միջուկային ռեակտորը վնասազերծելու եւ ԱԷԿին համարժեք էներգետիկ հզորություն ստեղծելու համար դոնորներից պահանջում է 1 միլիարդ դոլար։ Այս գնահատականն է ներկայացվել անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած Հայաստան Եվրամիություն համագործակցության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում։

«Էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է իր հաշվարկները, որով այդ ընդհանուր արժեքը կազմում է այդքան: Դա... դեղատան պես չէ: Բավականին աշխատանք կա, որ տատանվող է... կարող է նույնիսկ տասը, քսան միլիոնի տարբերություն տա», - երեքշաբթի հրավիրած ասուլիսում ասաց Հայաստան Եվրամիություն համագործակցության կոմիտեի համանախագահ, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նաեւ վերահաստատելով կառավարության դիրքորոշումը, որ առանց այլընտրանքային հզորութուն ունենալու ԱԷԿը փակելու կոնկրետ ժամկետ նշելը իրատեսական չէ:

«Եվրոպական կողմը ցանկանում է,որպեսզի Հայաստանը ֆիքսի ժամկետ, բայց Հայաստանը միակողմանի՝ առանց ֆինանսական աղբյուրների, առանց հստակեցնելու ամբողջ ընթացակարգը եւ բոլոր խնդիրները, որոնք պիտի լուծվեն փակելու համար, ժամկետ առայժմ նշել չի կարող», - ասաց նախարարը: - «Բոլոր հարցերը քննարկելուց հետո, կոնկրետ թվերը որոշելուց եւ մի քանի անգամ բիզնես-ֆորում կամ ինվեստիցիոն ֆորում անցկացնելուց հետո պարզ կդառնա այն տակառը, որի մեջ պիտի հավաքվի այն գումարը, որը անհրաժեշտ է ատոմակայանը փակելու համար»:

Ճշմարիտյանը նաեւ փոխանցեց, որ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի հարցը ուսումնասիրող հանձնաժողովը մինչեւ այս տարեվերջ եզրակացություն ներկայացնի ԱԷԿի փակման բոլոր հանգամանքների, այդ թվում եւ ֆինանսական միջոցների եւ փակման հնարավոր վերջնաժամկետի առընչությամբ։

Նախարարը հավելեց, թե ԱԷԿի փակման ենթատեքստում քննարկվել է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման խնդիրը՝ իբրեւ հնարավոր այլընտրանք։

«Իրենք ողջունում են, որ Հայաստանը կունենա գազի ալտերնատիվ աղբյուր, որը հնարավորություն կտա տնտեսությունը ավելի ճկուն վարելու, հնարավորության դեպքում նաեւ՝ այլընտրանքային հումքային ռեսուրսներ կամ ներմուծման հնարավորություններ օգտագործել», - ասաց նախարարը::

ԵվրամիությանՀայաստան համագործակցության կոմիտեի օրակարգի ուշագրավ հարցրեից մեկը վերաբերել է «Տրասեկա» ծրագրի շրջանակներում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին. փաստորեն, այդ ծրագրի շրջանակներում սառեցվել են Հայաստանի ֆինանսավորման բոլոր ծրագրերը. պատճառը շատ պրոզաիկ է՝ «Տրասեկա»-ի գործադիր գրասենյակը տեղաբաշխված է Բաքվում ու զավեշտականն այն է, որ Տրասեկայի միջկառավարական հանձնախմբի նախագահողի կարգավիճակը անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած համաժողովում ստանձնել է Հայաստանը։ Այդ համաժողովում Ադրբեջանը դեմ քվեարկեց այդ պաշտոնում Հայաստանի առաջարկած Տրասեկայի ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանի թեկնածությանը, իսկ Թուրքիայի պատվիրակը ձեռնպահ է մնաց։ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ՝ սկանդալից խուսափելու նպատակով հարկադրված եղավ այլազգի թեկնածու առաջարկել՝ բուլղարուհի Լյուդիմլա Թրենկովային։

Այդպիսով հարցը քաղաքականացվեց, եւ ինչպես եւ սպասվում էր, ամենայն հավանականությամբ պաշտոնական Բաքուն ճնշում բանեցնելով Հայաստանի բուլղարուհի ներկայացուցչի վրա՝ տորպեդահարել է Տրասեկայի շրջանակներում Հայաստանի ներկայացրած բոլոր ծրագրերը։

Այս պատճառով, ՀայաստանԵրամիություն համագործակցության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում հակական կողմը առաջարկել է Տրասեկայի նստավայրը տեղափոխել Թբիլիսի։

«Բավականին կոշտ էր մեր դիրքորոշումը», - ասաց Ճշմարիտյանը:

«Տրասեկա»-ի շրջանակներում հատկացվող գումարները, որպես կանոն անհամաչափ են բաշխվում անդամ երկրների միջեւ ու մինչ այժմ այդ գումարների առյուծի բաժինը ծախսվել է Վրաստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում իրագործված տրանսպորտային ծրագրերի վրա։ Այդ պատճառով Տրասեկայի գործադիր կառույցի ղեկավարի պաշտոնում հայկական կողմի հայտնվելը, ըստ երեւույթին, ձեռնտու չէր հարեւան երկրին։ Ադրբեջանը դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին պահանջում էր առաջիկա հինգ տարիներին «Տրասեկա» ծրագրով Եվրամիության հատկացրած 64, 5 միլիոն Եւրո գումարը բաշխել ըստ արդեն ներկայացրած ծրագրերի հայտերի, ինչին այն ժամանակվա նախագահողը դեմ արտահայտվեց՝ պահանջելով հավասարաչափ ծախսել գումարներ: Ինչպես երեւում է պատասխանը չի ուշացել՝ բոյկոտի ձեւով։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG