Մատչելիության հղումներ

Բուհական ընդունելության քննություններում մեդալակիրների արտոնությունները կվերանայվեն 2005 թվականին


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտներին՝ բուհական ընդունելության քննությունների ժամանակ շնորհված արտոնությունների ողջ համակարգը կփոխվի 2005 թվականին:

Երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել էին հանրակրթական դպրոցների՝ ոսկե մեդալի հավակնող շրջանավարտների կենտրոնացված քննությունների ընթացքում տեղ գտած խախտումներն ու թերությունները, որոնք վերհանել էր մեդալակիրների ավարտական քննությունների ընթացքին դիտորդի կարգավիճակով մասնակցած նախագահի վերահսկողական ծառայությունը: Նախագահ Քոչարյանը հանձնարարել էր կառավարությանը՝ առաջիկայում քննարկման առարկա դարձնել բուհերի ընդունելության քննությունների ժամանակ մեդալակիներին տրվող արտոնությունների հարցը:

«Այդ առաջարկությունը կառավարությունում արդեն մեկ տարի է քննարկվում է: Մենք ցանկանում էինք այս տարի խնդիրը լուծել, բայց չգիտեմ ինչ պատճառներով 2004 թվականի [ուսումնական] տարեվերջին մնաց հին կարգը: Արդեն մենք որոշում ունենք, եւ կոնկրետ քայլեր ձեռնարկված են: 2005 թվականին նախագահի հանձնարարականը կկատարվի», - այսօր ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ ավելացնելով, որ կառավարությունում հարցը արդեն հասունացած էր:

Հարցը, թերեւս, վերջնականապես հասունացավ, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը դիտորդի կարգով մասնակցեց ավարտական քննություններին եւ ականատես եղավ մի քանի բավական լուրջ միջադեպերի: Օրինակ, երբ մեդալակիրները մաթեմատիկայից ընդամենը 5 միավոր էին ստանում (20 հնարավորից) կամ քննական հանձնաժողովին բոլորովին մաքուր տետր էին հանձնում:

Ուշագրավ է, որ գործող կարգից հրաժարվելու սկզբունքային որոշումը կայացնելու մասին կառավարությունում հայտարարում էին դեռ անցած տարի: Ոլորտին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, նշում են, որ վերջին տարիներին հայաստանյան դպրոցներում ձեւավորվել է «մեդալակիրների բուծման մի ողջ ինդուստրիա», որը բավական լուրջ գումարներ է բերում դպրոցների ղեկավարությանը: Նույն աղբյուրի խոսքերով, այսօրվա գնացուցակով՝ ոսկե մեդալը երեւանյան դպրոցներում արժե երկու հազար դոլար:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG