Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակը» որոշել է անցկացնել Հայաստանի նախագահի միջանկյալ ընտրություններ, ըստ էության՝ անանուն սոցիոլագիական հարցում: Ընթերցողը պիտի լրացնի հունիսի 17-ի համարում տպագրվելիք հարցաթերթիկը եւ հանձնի խմբագրություն: Դրանում «Հայկական ժամանակ»-ը «առաջադրել է» վեց թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Արտաշես Գեղամյան եւ Արթուր Բաղդասարյան: Իսկ թե որն այս հարցման նպատակը, պարզաբանվում է այսպես. - «Հայաստանում այդպես էլ օբյեկտիվ պատկերացում չկա այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ հանրային կարծիքի վերաբերյալ, եւ մենք վերջապես ուզում ենք հասկանալ, թե մեր հանրությունն ինչպես է վերաբերում այս կամ այն գործչին»:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի՝ հունիսի 4-ի հանրահավաքը ցույց տվեց, որ «ոչ միայն ձախողվել է արմատականների ողջ գարնանային կամպանիան, այլեւ իմաստազրկվել է Ստեփան Դեմիրճյան - Արտաշես Գեղամյան - Արամ Սարգսյան եռյակի գոյությունը քաղաքական դաշտում». - «Այսուհետեւ որքան հաճախ հանրահավաքներ կազմակերպեն արմատականները, այնքան կնոսրանան նրանց շարքերը: Եվ եթե առայժմ նրա «քաղաքական հոգեհանգիստը» չի կատարվում, ապա միայն ու միայն մի պատճառով՝ ասպարեզում չկան, ընդդիմության դրոշը վերցնելով, առաջ շարժվելու «առաքելությանը» համապատասխանող ուժեր եւ գործիչներ»: Վեջիններիս թվում, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի վերլուծությամբ, «ինտելեկտուալ ներուժով» իրենից մի բան ներկայացնում է ՀՀՇ-ն, բայց «ժողովուրդը դեռեւս չի մոռացել նրա ոչ վաղ անցյալը»: «Այսպիսով», - խտացված է «Հայոց աշխարհ»-ում, - «արմատական ընդդիմության ձախողման հետեւանքով քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրա «առաջին էշելոնը» խոր փակուղի է մտել, իսկ ահա «երկրորդ էշելոնը» անորոշ ու հեղհեղուկ վիճակում է: Նման իրավիճակը վկայում է, որ եթե գարնան սկզբին մեզանում կար ապագաղափարական, ապակառուցողական, բայց խիստ ագրեսիվ ու հավակնոտ արմատական ընդդիմություն, ապա ներկայումս փաստորեն դա էլ գոյություն չունի: Ավելին՝ տեսանելի ապագայում չեն էլ ուրվագծվում նոր ընդդիմության ձեւավորման կոնկրետ հեռանկարներ» - եզրափակում է մեկնաբանը:

Խորհրդարանի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Այն, ինչ կատարվում է այսօր, նման է բռնցքամարտի. Քոչարյանը կապել է ընդդիմության ձեռքերն ու աչքերը եւ նրա հետ մենամարտում է։ Ի պատիվ ընդդիմության՝ նույնիսկ այդ անհավասար պայմաններում նա ավելի համոզիչ ու արժանապատիվ է երեւում», - գնահատում է Արա Սահակյանը: Նրա հայացքով, ընդդիմության շարքերում կան իմիտատորներ. - «Այսօր ակնհայտ այդպիսին է Արամ Կարապետյանը»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ այս անգամ ինքը Եվրախորհրդի ամբիոնից խիստ քննադատության չի ենթարկի Հայաստանի իշխանություններին եւ Ռոբերտ Քոչարյանին, քանզի «նա զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը, եւ միջազգային այդ հեղինակավոր կառույցում նրա հասցեին ուղղված իր քննադատությունը առաջին հերթին լուրջ հարված կլինի ոչ թե նրա անձին, այլ մեր պետականությանը: «Ամառվա ընթացքում չպետք է բացառել ընդդիմության ինչպես գործելակերպի, այնպես էլ գուցե գործողություն իրականացնողների ֆորմատի փոփոխություն», - ընդգծվում է «Իրավունք» թերթի այսօրվա խմբագրականում: - «Վերադասավորումներ են սպասվում եւ իշխանական ճամբարում: Նախագահի նստավայրից վերջերս անընդմեջ տեղեկատվության հոսքեր են լինում, որ ամառվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը «կտրուկ փոփոխություններ է» անելու, առնվազն պատժելու է ու պաշտոնանկ անելու այն նախարարներին, ովքեր չեն վայելում հանրության վստահությունը»: Մի խոսքով, ինչպես նախանշված է՝ «ստվերային ակտիվության պակաս քաղաքական դաշտի բոլոր հատվածներում ամռանը հաստատ չի լինի»:

«Հայաստանի տնտեսական զարգացման երկնիշ ցուցանիշները, ինչի մասին այդպես կրքոտ սիրում են խոսել մեր իշխանությունները, ոչ միայն չի հուսադրում հասարակ քաղաքացիներին, այլեւ կրկնակի վատթարացրել է երկրի առանց այդ էլ անբարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակը», - արձանագրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: Եվ դա բացատրվում է այդ աճի անհամարժեք բաշխմամբ. - «Կովկասյան վագրի» ֆինանսական ներարկումների առյուծի բաժինը անցել է հայրենի քաղաքական բիզնեսի սեւ կատուներին... Իշխանությունների անթույլատրելի գործողությունները առաջ են բերում նույնպիսի հակադարձություն ընդդիմադիրների կողմից: Պաշտոնյաների ցածր մակարդակը կանխորոշում է նրանց ընտրած հակառակորդների ցածր մակարդակ»: «Գոլոս Արմենիի»-ում ընդհանրացված է. - «Երկրի հասարակական-քաղաքական կյանքն այսօր հիմնվում է զարգացման այնպիսի մարազմատիկ սկզբունքների վրա, որ գործնականում յուրաքանչյուր թերաճ կարող է հույս ունենալ արագորեն ձեռք բերել լուրջ ազգային գործչի կարգավիճակ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG