Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր գործիչը «կաշառք» է համարում Եվրախորհրդի պաշտոնյայի գրքի հրատարակումը հայերեն


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե կաշառք է համարում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի անդամ, լեհ պատգամավոր Եժի Յասկերնյայի «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» գրքի հայերեն հրատարակելու փաստը:

««Ուղղակի ընդունում եմ կաշառք, կոռուպցիա», - ասաց նա: - «Կարծում եմ, բոլոր կառույցներում՝ դա լինի Եվրախորհուրդ կամ միջազգային այլ կառույցներ, կան մարդիկ, որոնք կոռումպացված են: Այս կոնտեքստում սա տեսնում եմ որպես կոռուպցիա: Մարդուն նվեր են անում՝ համապատասխան փաստաթղթի ակնկալիք ունենալով»:

Եվրախորհուրդ՝ Հայաստանին վերաբերող հայտնի ապրիլյան բանաձեւի պահանջները կատարման ընթացքը ուսումնասիրելու նպատակով Եժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն (Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի անդամներ եւ Հայաստանի հարցով համազեկուցողներ) Հայաստան են ժամանելու հունիսի 11-ին: Նրանք պիտի նախապատրաստեն հունիսի 23-24-ը կայանալիք Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի մասին զեկույցը:

Եժի Յասկերնյան, սակայն, անցած շաբաթ էլ Երեւանում էր եւ Ազգային ժողովում մասնակցեց իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Արամ Սարգսյանի կարծիքով, Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի առաջիկա այցելությունը կունենա որոշակի ազդեցություն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

«Բայց ես հակված եմ, որ մեր երկրում խնդիրները լուծվեն մեր ժողովրդով», - ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ հիացած է ժողովրդով, որը ապրիլի 12-ի գիշերվա դեպքերից հետո նորից գալիս է իշխանությունների կողմից չարտոնված հանրահավաքների:

«Մեր ժողովրդի մի հսկա զանգվածի մոտ վախի գործոնն անցել է: Հետեւաբար, մեր ժողովուրդը հարգանքի արժանի ժողովուրդ է եւ ընդդիմությունը պիտի աշխատի արժանի լինել այդ ժողովրդին: Այդ ժողովուրդը միանշանակ հաղթելու է»« - ասաց նա:

Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող մեկնաբանություններին, թե ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար նախագահ Քոչարյանը կարող է լուծարել Ազգային ժողովը, ԱրամՍարգսյանը ասաց, թե այս խորհրդարանը կլուծարվի միայն իշխանափոխությունից հետո:

Հիմա, Սարգսյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը նման քայլի չի գնա, քանի որ հիմա նախագահը «նույնիսկ «Օրինաց երկիր»-ից մի նախարար հանելու եւ ուրիշ մարդ նշանակելու հնարավորություն չունի»:

«Ունենք թույլ, փոխադարձ կոմպրոմատներով կապված իշխանություն, որը որեւէ լուծում, որեւէ փոփոխություն անելու ոչ հնարավորություն, ոչ էլ ուժ ունի: Այսօրվա նախագահը հենց փորձեց Ազգային ժողովը ցրել, այդպես էլ ինքը կհեռանա», - ասաց նա:


Հրաչ Մելքումյան

(Լուսանկարում՝ Եժի Յասկերնյան (ձախից) եւ Ռընե Անդրեն Երեւանում 2003 թվականին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG