Մատչելիության հղումներ

Բողոքում են Դալմայի այգիների վարձակալները


Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող «Դալմայի այգիներ» կոչվող տարածքի մի խումբ վարձակալներ երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով երկարաձգել իրենց վարձակալության պայմանագրերը:

Հայաստանի կառավարության՝ մարտի 27-ի որոշմամբ հարյուրավոր հեկտարներ կազմող այդ տարածքի մի մասը տրվել է «Հայանտառ»-ին, մյուս մասը՝ օգտագործվելու է քաղաքաշինական նպատակներով:

Դալմայի այգիները, որ դեռեւս անցած դարասկզբին հումք էին մատակարարում Շուստովի կոնյակի գործարանին, խորհրդային իշխանության առաջին տարիներին պետականացվելուց հետո քայքայվել ու վերացել էին: 1994 թվականին այդ այգիների՝ քարքարոտ ու անջուր տարածքը վարձակալական հիմունքներով 10 տարի ժամկետով տրվել են շուրջ երկու հազար վարձակալների, որոնցից շատերի համար այդ հողատարաքները եկամտի միակ աղբյուրն են:

Վերջիններս բողոքի դիմումներ ու նամակներ են հղել ամենատարբեր ատյանների՝ առանց շոշափելի արդյունքի հասնելու: Իսկ այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ:

«Մենք եկել ենք բողոքելու նախագահին, որ վարչապետի հրամանը հեչ անի», - ասաց ցուցարարներից Համբարձում Խաչատրյանը:

Ցուցարարների հետ էր նաեւ Մալաթիա Սեբաստիա թաղապետարանի գյուղատնտեսական բաժնի մասնագետ Հարություն Բլեյանը:

«Քարերից, մացառներից մաքրել են մարդիկ եւ դարձրել են ընտիր այգիներ: Իսկ կառավարությունը որոշել է այդ մասը օտարել քաղաքաշինության տակ: Դրա համար էլ բորբոքվել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ցուցարարների պատվիրակությանը ընդունեց նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա, ցուցարարների փոխանցմամբ, խոստացել է որոշակի պատասխան տալ հունիսի 9-ին:

«Ազատություն» ռադիոկայանին Գառնիկ Իսագուլյանը ասաց, որ վաղը կուսումնասիրի հարցը եւ կզեկուցի նախագահ Քոչարյանին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG