Մատչելիության հղումներ

Գիտնականները չեն դադարեցնում պայքարը


Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի եւ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների գիտաշխատողները շարունակում են իրենց պայքարը՝ ընդդեմ կառավարության որոշման, որով այդ ինստիտուտների շենքը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ Երեւանում կաթողիկոսական վեհարան հիմնելու նպատակով:

Անցած աշնանը, երբ ընդունվել էր այդ որոշումը, այստեղ աշխատող շուրջ 250 գիտաշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, բազմաթիվ նամակներ հղեցին երկրի նախագահին, վարչապետին, մամուլում հրապարակվեց 42 ակադեմիկոսների բաց նամակը, ինստիտուտների ղեկավարները՝ ակադեմիկոսներ Գեւորգ Ջահուկյանն ու Վլադիմիր Խոջաբեկյանը շենքից հրաժարվելու խնդրանքով գնացել էին Գարեգին Բ կաթողիկոսի մոտ: Այդ ամենը, սակայն, որեւէ արդյունքի չհանգեցրեց:

Ուրբաթ օրը Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների գիտխորհուրդների համատեղ ընդլայնված նիստում գիտնականները կրկին բուռն բարձրաձայնեցին իրենց բողոքը երկրի իշխանությունների, ԳԱԱ նախագահի եւ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ: Բողոքի նոր ալիքի առիթը ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի՝ օրերս ստացված հրամանն է՝ շենքում անցկացնել գույքագրում եւ ազատել տարածքը:

Գիտնականների զայրույթը ուղղված էր հատկապես Ֆադեյ Սարգսյանի դեմ:

Անվանի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի խոսքերով, առանց ԳԱԱ նախագահի որեւէ որոշում չի ընդունվում:

«Որտեղ որոշում են ընդունում, ինքը [Ֆադեյ Սարգսյանը] կողքները նստած է. Վեհափառի կողքը նստած է, հանրապետության նախագահի կողքը նստած է, բոլոր տեղերում կա, եւ առանց նրան հարցնելու ոչ մի որոշում չի ընդունվում», - ասաց Բարսեղյանը:

«Ամբողջ հայ ժողովրդի, եկեղեցու պատմության մեջ կաթողիկոսը միշտ սատար է կանգնել գիտությանը, մշակույթին, լեզվին... Եվ ես չէի ուզենա, որ մեր եկեղեցու պատմության մեջ մի կաթողիկոսի ազգանունը ինչ-որ այլ տառերով գրվեր: Որովհետեւ սա պատիվ չի բերում կաթողիկոսին», - վրդովված ասաց լեզվաբան, Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը:

Իսկ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի խոսքերով էլ՝ մինչ գիտնականները զայրանում են ու զարմանում, իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում:

«Մեր բախտը չբերեց», - ասաց նա: - «Մեր երկրորդ նախագահը սպորտից դենը չի գնում, երեւի... ավելին խելքը չի կտրում: Եվ գիտությունը նրա համար էլ է ծանր բեռ: Ես վարչապետի մեջ էլ չեմ տեսնում մտավորականի կնիք»:

ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը համաձայնեց, որ դա իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է:

«Վարվում է քաղաքականություն ըստ էության գիտության վերացման [ուղղությամբ]: Սա ավելի գլոբալ պրոբլեմ է», - ասաց նա:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG