Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այցելում է Հայաստան


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպան Սթիվեն Մաննը հինգշաբթի օրը կարճատեւ այցով ժամանեց Երեւանում: Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ Մաննը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի հետ կապված հարցեր:

Ամերիկացի դիվանագետը Հայաստան է ժամանել Բաքվից, ուր մասնակցել էր Նավթի եւ գազի միջազգային 11-րդ ցուցահանդես-համաժողովին, առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Ռոբերտ Քոչարյանին, ըստ նախագահի մամլո ծառայության, Սթիվեն Մաննը տեղեկացրել է Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Պրահայում եւ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումներին, շոշափվել են հունիսի 21-ին կրկին Պրահայում նախատեսված հանդիպման հետ կապված որոշ հարցեր:

Ներկա այցը ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա եկել էր անցած ապրիլին՝ ճանաչողական այցով, Մինսկի խմբում Ռուդոլֆ Փերինային փոխարինելուց հետո: Սթիվեն Մաննը նաեւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է կասպյան նավթարդյունահանման բանակցություններում եւ մշտական գրասենյակ ունի Բաքվում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG