Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. Ընդդիմության ցույցերը «անարդյունավետ» են դարձնում երկրի արտաքին քաղաքականությունը


Հայաստանի ներքաղաքական կացությունը, ինչպես հայտարարել է հինգշաբթի օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բավական լուրջ բացասական ազդեցություն է ունենում երկրի արտաքին քաղաքական գործընթացների վրա:

«Երբ Ստրասբուրգում եմ, Բրյուսելում եմ, Նյու Յորքում եմ, Լոնդոնում եմ կամ Փարիզում եմ, երբ նույն օրը Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում մի քանի հազար մարդ հավաքված փորձում են իշխանափոխության կոչեր անել, հավատացեք, որ մեր արտաքին քաղաքականությունը շատ անարդյունավետ է դառնում», - հինգշաբթի օրը Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օսկանյանը:

Հարցին, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, եթե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշի սառեցնել հայկական պատվիրակության լիազորությունները, Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Դրա վտանգը, կարող եմ համարձակվել ասել՝ չկա: Չեմ կարծում, որ մեր պատգամավորները ձայներից կզրկվեն»:

«Համենայն դեպս, նաեւ կախված կլինի, թե ինչպիսի զարգացումներ կլինեն մինչեւ սեպտեմբերի վերջը», - այդուհանդերձ ավելացրեց արտգործնախարարը:

Վարդան Օսկանյանը անդրադարձավ նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Հայաստանը հավատարիմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին եւ հակված է հակամարտության լուծման փաթեթային տարբերակին:

«Եվ այստեղ ժողովրդական կոնսենսուսի խնդիր է: Ի՞նչ եղել... փուլայինն էլ տարբերակ է, ես այնտեղ որեւէ դավաճանություն չեմ տեսնում», - ասաց Օսկանյանը: - «Եթե կա իսկապես ժողովրդական կոնսենսուս, որ մենք գնանք փուլային տարբերակին՝ խնդրեմ: Ես փուլային լուծման ժողովրդական պահանջ, անկեղծ ասած, չեմ տեսնում: Ընդհակառակը, օրեցօր, առավել խորանում է. այսօր նույնիսկ կարգավիճակի լուծման դեպքում մեր ժողովրդի մտքում հարց կա՝ տարածքներ պե՞տք է տալ, թե՞ չէ»:

Բանակցությունները ներկայումս, նրա բնորոշմամբ՝ «վատ հունի մեջ չեն»:

«Ես կարծում եմ, որ մենք հաջորդ երկու ամիսների ընթացքում առավել հստակություն կունենանք, թե իրո՞ք մենք կկարողանանք շարունակել այն հիմքի վրա, որ այս տարիների ընթացքում ստեղծվել է եւ որը, ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ մեզ համար բավական շահավետ է, թե՞ Ադրբեջանը ընդհանրապես ուզում է այս պրոցեսը շեղել եւ այլ ուղղությամբ տանել»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG