Մատչելիության հղումներ

Վաղվա հանրահավաքը կկայանա


Հայաստանի միացյալ ընդդիմությունը հինգշաբթի օրը տարածել է հայտարարություն, որով վերահաստատել է «երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը» հասնելու վճռականությունը:

Հրավիրված ասուլիսում ներկայացնելով հայտարարությունը՝ «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ Հայաստանի կոմկուսի ղեկավար ներկայացուցիչները տեղեկացրին նաեւ, որ հունիսի 4-ին Երեւանում ծրագրված հանրահավաքը, չնայած քաղաքապետարանի արգելքին, կայանալու է:

Ասուլիսի բանախոսները «անհիմն եւ ապօրինի» որակեցին Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ հանրահավաքը արգելելու մասին, եւ «քաղաքական»՝ այդ որոշումը անփոփոխ թողած դատարանի վճիռը:

Հայտարարության մեջ պնդելով, թե «օրենքի համընդհանուր ոտնահարումների պայմաններում երկրում մոլեգնում է հաշվեհարդարների եւ բռնությունների ալիքը», դրա հեղինակները իշխանություններին կրկին մեղադրում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւի պահանջները չկատարելու, Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու սահմանադրական իրավունքը ոտնահարելու մեջ:

«Իշխանությունների գործողությունները օրենքից դուրս են եւ իրականում ուղղված են երկրում բռնապետության հաստատմանը, այլ ոչ թե երկխոսության միջոցով հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը», - ասված է հայտարարությունում: - «Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի սանձազերծած բռնությունները անզոր են կանխելու ժողովրդական պայքարի ալիքը հանուն արդարության եւ արժանապատվության հաղթանակի: Մենք հասնելու ենք երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG