Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյան. - «Ավելորդ է մեկնաբանել էթիկայից զուրկ արտահայտությունները»


Իշխող կոալիցիայի ուժերը ներկայացնող մի շարք պատգամավորներ՝ ասելով, որ չեն լսել երեկ Շիրակի մարզպետարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը, այսօր հրաժարվեցին կարծիք հայտնել ընդդիմության հասցեին նախագահի արտահայտությունների մասին: Ընդդիմադիրները, մինչդեռ՝ «էթիկայից զուրկս» որակելով նախագահի որոշ արտահայտություններ, բավական կոշտ հակադարձեցին:

Իշխանամետ գործիչներից միայն Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ասաց, թե ընդհարապես «սովորություն չունի» մեկնաբանելու Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթները:

«Հայաստանի Հանրապետության նախագահը մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է եւ բարձրագույն պաշտոնյան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մկրտչյանը:

Երեկ Գյումրիում երկրի նախագահը ընդդիմության ստրասբուրգյան գործունեությունն անվանել էր «դավաճանությանը շատ մոտ», իսկ ընդդիմադիր գործիչներին՝ «իքիբիր» մասշտաբների:

«Որոշ արտահայտություններ, որոնք էթիկայից զուրկ են, ավելորդ է նույնիսկ մեկնաբանել», - «Ազատություն» ռադիոկայանին այդ կապակցությամբ ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը՝ շարունակելով. - «Կասեմ ընդամենը հետեւյալը. նախագահի պաշտոնը ոչ բռնություններ կամ կեղծիքներ իրականացնելու համար է, ոչ էլ զազրախոսությամբ զբաղվելու համար: Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա ոչ թե մոտ է, այլ ուղղակիորեն դավաճանություն է ընտրությունները կեղծելը, խաղաղ ցուցարարներին ջարդելը եւ ժողովրդի կամքի վրա բռնանալը»:

«Եթե նա խոսում է, որ Ստրասբուրգում աշխատում ենք Հայաստանի դեմ, նշանակում է, որ իր հոգեբանության մեջ Ստրասբուրգը Հայաստանի համար թշնամական է», - իր հերթին ասաց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Շավարշ Քոչարյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG