Մատչելիության հղումներ

Սուրեն Սուրենյանցը ազատ է արձակվել


Չորեքշաբթի օրը ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցը: Գործը վարող քննչական խմբի ղեկավարի որոշմամբ փոխվել է Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. նախնական կալանքը փոխարինվել է մշտական բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությամբ:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ համակիրների դեմ Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործով ապրիլի սկզբին կալանված Սուրենյանցի շահերի պաշտպանը ընդհուպ մինչեւ վճռաբեկ ատյան ապարդյուն բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որով որպես խափանման միջոց Սուրենյանցի նկատմամբ ընտրվել էր կալանքը:

Երկամսյա կալանքի ժամկետը լրանալու էր հունիսի 4-ին: Քննչական խումբը, որը նախապես դիմել են գլխավոր դատախազություն՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ, այսօր որոշել է փոխել խափանման միջոցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուրենյանցի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը, նման որոշման համար հիմք են հանդիսացել այն, որ կատարված արարքների համար Սուրեն Սուրենյանցը զղջացել է, նաեւ՝ հաշվի է առնվել նրա առողջական վիճակը:

Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ գլխավոր դատախազություն էին դիմել Ռոբերտ Գրիգորյանը եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Նրա ցուցմունքները զղջման իմաստով մի քիչ այլ բնույթ ունեն, քան մինչեւ այժմ ներկայացվածներն են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբերտ Գրիգորյանը՝ պարզաբանելով, թե Սուրենյանցը այդ արտահայտությունները (որոնք՝ որպես իշխանության ներկայացոիցչներին հասցված վիրավորանք, հիմք են ծառայել նրա դեմ քրեական գործ հարուցելու համար) թույլ է տվել քաղաքական կոնտեքստում, այսինքն՝ գնահատական է տվել պաշտոնատար անձանց գործողություններին եւ բոլորովին նպատակ չի հետապնդել վիրավորել նրանց անձը կամ արժանապատվությունը:

«Սուրենյանցը գտնում է, որ եթե արժանապատվության դեմ է ուղղված համարվում, ապա դրա համար ինքը պատրաստ է ներողություն խնդրել», - փոխանցեց Ռոբերտ Գրիգորյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG