Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իքիբիրը եւ հափյեկը». այս վերնագրի տակ է «Հայկական ժամանակ» թերթն անդրադառնում Ռոբերտ Քոչարյանի երեկվա այցին Գյումրի: «Հիմա արդեն անհրաժեշտ թվով նոր բնակարաններ կառուցելու փոխարեն՝ արհեստականորեն պակասեցնում են քաղաքի անօթեւանների թիվը: Եվ Գյումրիի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ այսօր Գյումրիում մնացել է հազար հինգ հարյուր վեց անօթեւան ընտանիք», - առանձնացնում է մեկնաբանը՝ համադրելով. - «Երբ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը դեռ այս տարվա մարտ ամսին հայտարարեց, որ Գյումրիում 2 հազար 600 անօթեւան ընտանիք է մնացել, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակադարձեց, թե՝ քաղաքում իրականում 6 հազար անօթեւան ընտանիք կա: Իսկ ահա Քոչարյանը նմանատիպ հայտարարություն է անում՝ հերթական անգամ հուսախաբ անելով անօթեւաններին»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ հեգնանքով ձեւակերպված է. - «Հայաստանում տնտեսական աննախադեպ աճի պայմաններում ընդդիմության բոյկոտի նկատմամբ իր անտարբերությունը փորձեց ցույց տալ Քոչարյանը»: «Ազգ» թերթն էլ այսօր նախատում է. - «Հանրապետության նախագահն էլ, ինչպես ընդդիմության որոշ առաջնորդներ, վերջին շրջանում հաճախ է իր ելույթներում պատշաճության սահմաններն անցնում ընդդիմադիրների մասին խոսելիս, ինչպես այս դեպքում։ Առաջին՝ եթե ինքը բրազիլական սերիալներ չի դիտում, ապա ինչպես է դրանք համեմատում հանրահավաքների հետ։ Երկրորդ՝ մենք չէ, որ պիտի հիշեցնենք նախագահին, որ պատշաճ չէ «շեշ ու բեշ» կամ «դուբեշ» մակարդակներից դատումներ անել «իքի-բիր» մասշտաբների մասին»:

Արտաշես Գեղամյանի երեկվա ասուլիսը «Հայոց աշխարհ» թերթը տեղավորել է «Մառազմ» խորագրի տակ՝ նրան ավանդաբար «պատվելով» «շոումեն» եւ «փրկիչ» որակումներով: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ կիսվել է. - «Դժվար է այսօր կանխատեսել, թե նոր ընդդիմությունը ինչ սկզբունքներ կորդեգրի եւ ինչպիսի գաղափարախոսությամբ կառաջնորդվի։ Հենց նման վտանգներից խուսափելու մղումն է թելադրում մեզ ներկայիս ընդդիմության համար խորհրդարան վերադառնալու արժանապատիվ ճանապարհ հարթել, բայց որքան ժամանակն անցնում է, հնարավորությունները սպառվում են։ Այսօր արդեն մի նոր գաղափար է շրջանառվում, թե արմատականները պատրաստվում են հրաժարվել մանդատներից։ Սա իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու հուսահատ ճիգ է, որի արդյունքը եւս անհասկանալի է», - գնահատում է Գալուստ Սահակյանը։

«Վճռական, բեկումնային գործողությունների մենք չգնացինք, սակայն որոշակի վճռական զարգացումներ, այնուամենայնիվ, եղան», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում հավաստիացնում է ընդդիմությունից Շավարշ Քոչարյանը։ - «Բեկումներ եղել ու լինում են, սակայն դրանք խորքային են ու ոչ միշտ նկատելի բոլորին։ Այսօր կարելի է նոր երեւույթ արձանագրել ներքաղաքական դաշտում։ Հասարակության մի որոշակի զանգված, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ինքնուրույն են հետամուտ լինում ու աջակցում ժողովրդավարական զարգացումներին։ Ընդ որում, այդ հատվածն այլեւս չի ընկալվում որպես իշխանության կամ ընդդիմության շեփոր»։

«Ինչո՞ւ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ միջոցառումը քաղաքապետարանն արտոնում է, իսկ ահա Մատենադարանի մոտ կայանալիք միտինգը, որին մասնակցելու են այդ երեխաների ծնողները՝ ոչ», - հարց է դնում այսօր «Առավոտ» թերթը: - «Իհարկե, ժողովրդական տոնախմբությունն իշխանությունների աչքուականջին ավելի հաճելի է. այնտեղ ժողովուրդը չի ճչում՝ «Քոչարյա'ն, հեռացի'ր» եւ չի պահանջում վստահության հանրաքվե անցկացնել: Այնտեղ երեխաներին այսպես ասած՝ երջանիկ մանկություն են պարգեւում: Բայց միեւնույն ժամանակ այդ երեխաների ծնողներին, որոնցից շատերը հնարավորություն չունեն տարրական սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, արգելում են ազատ արտահայտել իրենց կամքը, սահմանափակում են հավաքների, ժողովների, խոսքի ազատության նրանց իրավունքները, ձերբակալում են այլախոհության համար»: «Այդպես չեն երեխաների համար երջանիկ մանկություն ստեղծում», - պարզաբանում է «Առավոտ»-ը: - «Դա ավելի շուտ խաբեություն է եւ աչքակապություն: Երեխաների նկատմամբ հոգատարությունը, առաջին հերթին, պետք է արտահայտվի նորմալ ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն կառուցելով, որտեղ կհարգվեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG