Մատչելիության հղումներ

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ խորհրդային տարիներին «Հայխնայբանկ»-ում ավանդադրված ավանդների ինդեքսավորումը եւ փոխհատուցումը, ինչը ներկայիս իշխանական կոալիցիայի կուսակցություններից «Օրինաց երկիր»-ի նախընտրական քարոզչության կենտրոնական դրույթներից էր, կառավարությունը չի դիտում երկրի «առաջնահերթությունների» շարքում:

Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների՝ ավանդներին վերաբերող հարցին, Վարդան Խաչատրյանը ասաց. - «Կառավարությունը աշխատում է կառավարության ծրագրով, իսկ կառավարության ծրագրում այդպիսի կետ չունենք: Երկրորդը՝ օրենքներով, իսկ այդպիսի օրենք չունենք: Երրորդը՝ հիմնականը, որը մենք համարում ենք ժողովրդական ծրագիր, դա աղքատության հաղթահարման ռազմավարությունն է: Այսինքն՝ այն առաջնահերթություններն են, որոնք մենք բոլորս՝ հասարակական կազմակերպություններով, քաղաքական ուժերով երկու տարի աշխատելով գտանք, թե որոնք են այս երկրի առաջնահերթությունները»:

Կառավարության եւ Վարդան Խաչատրյանի տեսանկյունից, ուստի, ավանդների փոխհատուցումը առաջնահերթություն չէ:

«Այսպիսի ծախս կամ ուղղություն այդ առաջնահերթություններում ես չեմ հանդիպել», - եզրափակեց նախարարը:

Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ այդ կառույցը կտրուկ դեմ է «Հայխնայբանկ»-ի ավանդների փոխհատուցման՝ պաշտոնյայի ձեւակերպմամբ՝ «պոպուլիստական» ծրագրին։ Ինչը նշանակում է, որ դրան, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի նաեւ Հայաստանի թիվ մեկ դոնորը՝ Համաշխարհայն բանկը։ Վերջինիցս, մինչդեռ, կառավարությունը լուրջ ակնկալիքներ ունի։

Վարդան Խաչատրյանը այսօր ասաց, որ առաջիկա երեք տարիներին կառավարությունը Համաշխարհային բանկից ակնկալում է ստանալ 225 միլիոն դոլարի արտոնյալ վարկային օժանդակություն: Ընդ որում, արդեն այս տարվա հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին կստացվի առաջին 25 միլիոն դոլարը։ Այդ գումարները, ըստ նախարարի, կուղղվեն դպրոցների շինարարության, գյուղական ճանապարհների վերանորոգման, խմելու ջրի եւ ոռոգման ցանցերի կառուցման ծրագրերին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG