Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վկայակոչելով Հայաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրներ՝ «Ազգ» թերթը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի արձակելու Ազգային ժողովը, ընդ որում՝ հավանաբար ամռանը՝ մինչեւ աշնանային նստաշրջանի աշխատանքների սկիզբը: Ըստ նույն աղբյուրների, հանրապետության ղեկավարի՝ խորհրդարանը լուծարելու մտադրությունը պայմանավորված է երկու հիմնական պատճառներով. - «Առկա է խորհրդարանական ճգնաժամ, որն արտահայտվում է ընդդիմության՝ օրենսդիր աշխատանքների բոյկոտով, եւ երկրորդ՝ 2003 թ. ընտրություններն անցել են կեղծիքներով, ինչի պատճառով արեւմտյան երկրները, միջազգային իրավապաշտպան եւ ժողովրդավարության ջատագով կազմակերպությունները ճնշումներ են բանեցնում Հայաստանի վրա, ընկել է մեր երկրի հեղինակությունը համաշխարհային հանրության առաջ։ Ըստ էության», - նշվում է «Ազգ»-ում, - «Քոչարյանը փորձելու է իր նախագահության ընթացքում Հայաստանում երաշխավորել քիչ թե շատ արդար գոնե մեկ ընտրություն, որի արդյունքներով հնարավոր կլիներ նաեւ իշխանությունը փոխանցել «արժանի» ժառանգորդի»։

«Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հավանականության մասին խոսելիս կարծես Հանրապետականը ավելի կոշտ դիրքորոշում ունի». - «Առավոտ» թերթի մեկնաբանի այս դիտարկմանը Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը արձագանքել է. - «Հանրապետականը ավելի կոշտ դիրքորոշում չունի եւ ոչ էլ որեւէ մեկը ավելի լավ վերաբերմունք ունի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, քան մենք։ Ընդհակառակը, կյանքը ցույց է տվել, որ բացարձակապես այդպես չէ... Այն էժանագին լավամարդ լինելու ձգտումը, որին վերջերս ականատես ենք լինում, կարծում եմ, խիստ դատապարտելի է»։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին. - «Վերջերս մտավորականների հետ հանդիպման ժամանակ, դուք Հայաստանի կայունությունը որակել էիք գերեզմանային: Դա ձե՞ր, թե՞ նաեւ ամբողջ Դաշնակցության տեսակետն է»: Պատասխանը հետեւյալն է. - «Գերեզմանային, այսինքն՝ անփոփոխությունից առաջացած կայունությունից ամեն կերպ մենք պետք է խուսափենք: Ի դեպ, ցանկացած երկրում նման վտանգ կարող է առաջանալ, եթե երկրի կայունությունը չի նպաստում երկրում առկա հիմնախնդիրները լուծելու գործընթացի արագացմանը: Ուստի բնական է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է խիստ ուշադիր եւ աչալուրջ լինեն, որպեսզի ներքաղաքական մեր այս կայունությունը չվերածվի գերեզմանային կայունության... Այո, մեզ համար հավասարապես անընդունելի է նաեւ ինքնանպատակ իշխանապահպանությունը»: Միաժամանակ, Արմեն Ռուստամյանը ընդգծում է. - «Ես վստահ եմ, որ նախագահը կիսում է մեր նպատակները: Պարզապես՝ նախագահն ունի իր մարտավարությունը, եւ շատ դեպքերում մենք համոզվել ենք, որ այդ մարտավարությունն իրեն արդարացնում է: Լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ՝ նա կիրառում է այն մեթոդները, որոնք այսօր աշխատում են: Մեզ կարող է թվալ, որ անհրաժեշտ են վիրահատական կտրուկ փոփոխություններ, բայց նախագահը գերադասում է այդ վիրահատությանը դիմել վերջին փուլում, երբ թերապեւտիկ մեթոդներն իրենց սպառած կլինեն»: Հարցազրույցում ՀՅԴ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ իրենք հարաբերություններին. - «Պաշտպանության նախարարի հետ Դաշնակցությունն այսօր որեւէ պրոբլեմ չունի, եւ մենք համարում ենք, որ ոլորտը ղեկավարելու առումով նա լավագույն թեկնածուն է: Ընդհանրապես մենք այն կարծիքին չենք, որ անձին փոխելով՝ համակարգը կարող է առողջանալ»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Դաշնակցությունն այս պահին կարծես թե որոշակի սառնություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններում, եւ «ընդհանրապես իշխանամետ դաշտում հակասությունները շարունակվում են». - «Վերահսկիչ պալատի զեկույցի շուրջ, օրինակ, «Օրինաց երկիր»-ի եւ «Ժողպատգամավոր»-ի հակամարտությունը գնալով խորանում եւ ստանում է ավելի ու ավելի սուր բնույթ»: «Ուշադրության է արժանի նաեւ, որ գնալով ավելի են շատանում արտախորհրդարանական այնպիսի ուժերը, որոնք պահանջում են խորհրդարանի լուծարում, ինչը ուղեկցվում է իշխանամետ հեռուստաալիքներով Ազգային ժողովի ավելի ու ավելի կոպիտ վարկաբեկումներով: Դա հուշում է, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը գնալով ավելի է հակվում Ազգային ժողովը լուծարելու եւ իշխանական դաշտը անձամբ իրեն ավելի հարմար ֆիգուրներով համալրելու տարբերակին», - բխեցնում է մեկնաբանը: «Իրավունք»-ում այսօր կա նաեւ այսպիսի դիտարկում. - «Ուժային ճնշումների նկատմամբ Քոչարյանի հակումը երեւում է նաեւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի գործողություններ կատարող հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքից... Այս պահին իշխանությունը կարծես հասարակական կազմակերպություններին ավելի վտանգավոր է համարում, քան բուն ընդդիմությանը»: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, «Իրավունք»-ում արձանագրվում է. - «Արմատական ընդդիմությանը, ամբողջովին վերցրած, ավելի հակված է գործողությունները հարմարեցնել Ստրասբուրգի ժամանակացույցի հետ, քան ձգտել արագ ու կտրուկ հանգուցալուծումների»:

«Երեկ մեր իշխանությունները Հայաստան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հարցերով համազեկուցող Եժի Յասկերնիային փորձում էին համոզել, որ Հայաստանում իշխանավորները լավն են, իսկ ընդդիմությունը՝ համառ է եւ հիմար», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Պարզվում է, որ մեր իշխանությունները ոչ միայն խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջների հիմնական մասն են կատարել, այլեւ գտել են չարամիտ կեղծարարներին, եւ պատրաստ են նրանց անհապաղ ներկայացնել եվրոպացիներին: Այս ամենը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը... Հետո էլ ասում են, թե Եվրախորհուրդը մեզ համար Քաղբյուրո չէ: Այս կեցվածքից փաստվում է, որ այն էլ ինչպիսի Քաղբյուրո է», - եզրափակում է «Առավոտ»-ը: - «Այնպիսին, որ սովորաբար ցինիկ մեր իշխանությունները նրա առջեւ դառնում են «մամայի բալաներ», որոնք խաբարբզիկություն են անում եւ չարախոսում են ընդդիմության հասցեին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG