Մատչելիության հղումներ

logo-print
Մայիսի 28-ին Հայաստանում նշվեց Առաջին Հանրապետության հռչակման 86-րդ տարեդարձը: Հիմնական տոնախմբությունը, ավանդույթի համաձայն, անկցացվեց Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի մոտ՝ երկրի ղեկավարների, հոգեւորականների, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, սփյուռքահայերի մասնակցությամբ:


Եկեղեցական զանգերի հնչյունների ներքո երկրի ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին: Այստեղ 1918 թվականի մայիսի 26-ին հայկական աշխարհազորը կասեցրեց Օսմանյան Թուրքիայի կանոնավոր բանակի հարձակումը, ինչից երկու օր հետո էլ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

«Չնայած իր դիմագրաված ծանր մարտահրավերներին եւ գոյության կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի եւ ժողովրդի զարգացման համար։ Այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր՝ պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն», - ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում։ - «Մաղթում եմ, որ մեր հասարակությունը առաջընթաց ապրի՝ անցյալի դասերը յուրացրած։ Մայիսի 28-ը ազգային միասնության բացառիկ օրինակ է, որով մենք պետք է առաջնորդվենք մեր ներկա եւ գալիք գործունեության մեջ»։

Ավանդույթի համաձայն, Արմավիրի մարզի բոլոր գյուղերը հուշահամալիրի մոտ սեղաններ են պատրաստում եւ հյուրասիրում տոնախմբության մասնակիցներին: Այդ մի քանի տասնյակ սեղաններից յուրաքանչյուրին մոտեցավ նախագահ Քոչարյանը՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի ուղեկցությամբ:

Լրագրողների հետ կարճատեւ զրույցում նախագահ Քոչարյանը ասաց, թե հայոց աշխարհում որեւէ մեկը չպետք է ուրիշի ձեռքում գործիք լինի սեփական ժողովրդի դեմ գործընթացներում:

«Մենք ունենք փայլուն հեռանկարներ, վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում», - ասաց նախագահը: - «Ամենից կարեւորը՝ դասեր քաղենք մեր անցյալից եւ, կրկնում եմ, գործիչ չդառնանք ուրիշ շահերի համար Հայաստանի Հանրապետությունում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG