Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անկախության օրվա առիթով «Երկիր» թերթը հարցերի մի երկար շարք է ներկայացնում. - «Ո՞ւմ է հարկավոր անկախությունը՝ անհատի՞ն, հանրությա՞նը, ժողովրդի՞ն: Անկախությունն ավելի շատ ազատությո՞ւն է, թե՞ պարտավորությո՞ւն: Հնարավո՞ր է, որ անկախ երկրում մարդն իրեն անազատ զգա, եւ հակառակը՝ օտարի կառավարմամբ ժողովուրդը գրեթե երջանիկ լինի: Անձի ազատությո՞ւնն է կարեւոր, թե՞ երկրի անկախությունը: Ի՞նչ է անկախությունը՝ նպատա՞կ, թե՞ միջոց: Համաժողովրդական, համազգային նվաճո՞ւմ է, թե՞ մարդկանց մի խմբի ձեռքբերում: Եթե առաջինը, ապա ինչպե՞ս է, որ այսօր, ունենալով բաղձալի անկախ պետականություն, հայն օտարի պես է վարվում նրա հետ, կամ ինչո՞ւ է հայերի տիրապետություն Հայաստանում, այլ ոչ թե հայող իշխանություն: Ինչո՞ւ է Հայաստանի ներկայիս հանրապետությունը մեր իսկ կողմից՝ իբրեւ պետություն վերապահումներով ընկալվում: Հիմա գրեթե հաստատուն դարձող տպավորությունը կա, որ մենք պարզապես անկախ ապրել չգիտենք... Իսկ անցումային շրջանի համար տրված ժամանակը վաղուց արդեն սպառել ենք», - ի մի է բերում «Երկիր»-ը: - «Մնում է՝ Հայաստան երկիրը վերջապես խղճով, գաղափարով ու նվիրվածությամբ կառավարել: Սա անհրաժեշտություն է, որովհետեւ շեն ու բարգավաճ երկրում նույնիսկ անապահովն է իր վաղվա օրը ապահով տեսնում, իսկ ընդամենը հարուստ մարդկանցով խեղճ երկրում շատերը անիմաստ են համարում նույնիսկ հեռանկար փնտրել»: «Այբ-Ֆե» թերթի խմբագրականում էլ այսօր մարդկային առումով մատնանշված է. - «Առաջին Հանրապետության ղեկավարությունը նաեւ ժուժկալ էր, ապրում էր պարզ կենցաղով: Պետության ղեկավարների սոցիալական վիճակը չէր տարբերվում ամենաշարքային քաղաքացու ապրելակերպից: Իշխանավորները գիտակցում էին, որ պաշտոնը ազգին ծառայելու հնարավորություն է, ոչ թե՝ հարստանալու աղբյուր»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ՝ այսօր Հայաստանում ստեղծվել է խիստ յուրօրինակ մի իրավիճակ. - «Օրեցօր ավելի ակնառու է դառնում նաեւ վստահության ճգնաժամն ընդդիմության նկատմամբ»: Փողոցային հարցումների հիման վրա «Հայկական ժամանակ»-ը խտացրել է. - «Եթե դեռ ամիսներ առաջ գործող ընդդիմության հետ էին կապում Հայաստանում հնարավոր ցանկացած փոփոխություն, ապա այսօր ժողովուրդը շփոթության եւ ինչ-որ նոր բանի փնտրտուքների մեջ է: Քանզի, ինչպես երեկ ասաց մի գործարար՝ «Այսպես ապրել չի կարելի»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. - «Հասկանում եմ, որ շատ-շատերը ցանկանում են, որպեսզի դա հնարավորինս արագ իրականացվի՝ ուստի ընդդիմությունից պահանջներն ավելի խիստ են»: Ինչ վերաբերում է իրենց այս ընթացքին, Արամ Սարգսյանը առաջնահերթությունը ուրվագծում է այսպես. - «Մեր կազմակերպած քաղաքական գործընթացները խմբակային են՝ նման ֆուտբոլի, բասկետբոլի եւ այլ խաղերի, որ թիմով են խաղում եւ ոչ շախմատի կամ ծանրամարտի, որտեղ անհատական ցուցանիշների պիտի հասնես: Այս առումով՝ գլխավորը միասնական խաղ կազմակերպելն է, եւ այն փաստը, որ հանրահավաքները շարունակվում են գումարվել, ու ոչ թե սեփական տեսակետներն առանձին հիմնավորելն ու ապացուցելը, թե միակ ճշմարիտը ես եմ»:

Անդրադառնալով ազատության մեջ հայտնված ընդդիմադիր ակտիվիստներ Արամազդ Զաքարյանի եւ Ժորա Սափեյանի հավաստիացումներին, թե «զղջման մասին խոսք լինել չի կարող, իրենք որեւէ հանցանք չեն գործել, որ դրա համար զղջային»` «Հայոց աշխարհ» թերթը հրապարակել է հակառակը վկայող փաստաթուղթ: Արամազդ Զաքարյանը ցուցմունքում գրել է. - «Մասնավորապես՝ 2004թ. փետրվարի 28-ին Երեւանի Շենգավիթ համայնքում մեր կուսակցության կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ իմ ելույթում Ռոբերտ Քոչարյանին՝ «շնչավոր առարկա», իսկ իշխանության ներկայացուցիչներին՝ «իշխանությունը բռնազավթած ավազակախումբ» անվանելով, ես վրդովված եւ ջղայնացած լինելով կոշտ եմ արտահայտվել եւ նման վիրավորական արտահայտություններ թույլ տվել, վերը նշված անձի եւ իշխանությունների հասցեին, ԱՐԱՐՔԸ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՇԱՃ ՉԷ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԶԽՃՈՒՄ ԵՄ»:

Մատնանշելով արտաքին աշխարհից, միջազգային տարբեր կազմակերպություններից հաճախացած՝ Հայաստանին տրվող անբարենպաստ գնահատականները, «Իրավունք» թերթի մեկնաբանը բխեցնում է. - «Աստիճանաբար խորանում է Քոչարյանի վարչակարգի միջազգային մեկուսացումը: Այդ ամենը հուշում է, որ աշնանը իշխանափոխության խնդիրն ավելի լուրջ հիմքեր է ունենալու, եւ այդ հանգամանքը բերում է նրան, որ Հայաստանում ծավալվում է մրցակցություն տապալվող արջի մորթին կիսելու շուրջ»: Երեկ «Հայոց աշխարհ» թերթում բերված էր մի հատված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրյուկովի հետ հարցազրույցից, որում վերջինս ասում է. - «Ընդդիմության պահանջների վերջնագրային տոնը՝ ներառյալ նախագահի հրաժարական, չի նպաստում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի՝ փոխադարձ գործելու ուղիների որոնմանը՝ ի շահ հայկական պետականության զարգացման»: «Իրավունք»-ը այսօր անդրադարձել է. - «Ցանկացած նորմալ երկրում դեսպանի նման հայտարարությունը կդիտվեր որպես կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին, սակայն Հայաստանի պարագայում իշխանության գերխնդրի լուծմանը ծառայեցվում է ցանկացած միջոց»: Մեկնաբանը այդ հարցազրույցի հիման վրա նաեւ մատնանշում է. - «Ընդդիմության հետ երկխոսության պահանջն այժմ առաջ է քաշում ոչ միայն Եվրախորհուրդը, այլեւ Ռուսաստանը»: «Հայոց աշխարհ»-ում այսօր ամբողջությամբ տրվող հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը ձեւակերպել է. - «Խնդիրները հնարավոր է լուծել միայն իշխանությունների հետ երկխոսության պայմաններում եւ ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների, այլեւ ողջ հասարակության հետ: Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը բարի կամք ու ցանկություն հանդես բերեն կառուցողական արդյունքի հասնելու գործում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG