Մատչելիության հղումներ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ անցած ապրիլ-մայիսին անցկացրած փորձագիտական հարցման արդյունքներով, փորձագետների 66 տոկոսը գտնում է, որ առաջիկա 10-12 տարիների ընթացքում Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: Հարցված փորձագետների 76 տոկոսի կարծիքով, ռուսաստանյան ռազմակայանի առկայությունը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը չէ:

1994 թվականին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած կենտրոնը «Հայաստանի արտաքին կողմորոշումները, քաղաքականությունը եւ վերաբերմունքը աշխարհի ուժային կենտրոնների նկատմամբ» հարցմամբ ընդգրկել էր հայաստանցի 50 փորձագետի:

Ներկայացնելով հարցման արդյունքները՝ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Հարությունյանը անդրադարձավ նախ Եվրոպայի խորհրդին վերաբերող հարցերի շարքին: Անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը հարցված փորձագետների 82 տոկոսը համարում է անբավարար:

«3,5 տարի հետո դրական արդյունքի կամ առաջընթացի հասնելու փոխարեն, մենք այսօր տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ ավելացել է այնպիսի երեւույթ, որը կոչվում է քաղաքական բանտարկյալ, ինչը հարիր չէ եվրոպական այդ կառույցի բոլոր տեսակի դրույթներին», - ասաց Հարությունյանը:

Հայաստանի անկախությունը, պետականությունը, հարցման արդյունքներով, սահմանափակում են Ռուսաստանը (56 տոկոս), Թուրքիան (4 տոկոս): Փորձագետների 12 տոկոսի կարծիքով, մինչդեռ, Հայաստանն իր կառավարությամբ է սահմանափակում երկրի անկախությունն ու պետականությունը:

Պետականությանն ու անկախությանը նպաստող կառույցներից փորձագետների 72 տոկոսը առանձնացրել է Եվրախորհուրդն ու Եվրամիությունը: 50 փորձագետներից ոչ մեկը այս հարցի պատասխաններում չի նշել Ռուսաստանը, ԱՊՀ-ն, ՄԱԿ-ը կամ հարեւան երկրներից որեւէ մեկը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG