Մատչելիության հղումներ

logo-print

Amnesty International-ի տարեկան զեկույցում խստորեն քննադատվում են հայաստանյան ընտրությունները


«Վերացնելով խաղաղ պայմաններում մահապատիժը՝ Հայաստանը կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունը: Այդուհանդերձ, մեկ այլ պարտավորություն չկատարելու՝ «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը չընդունելու պատճառով, խղճի գերիները շարունակում են մնալ բանտերում», - ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հերթական տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում: - «Բացի այդ, Հայաստանի իշխանությունները ձերբակալել են նախագահական ընտրությունների արդյունքը վիճարկող ընդդիմության խաղաղ երթերի ու բողոքի ցույցերի հարյուրավոր մասնակիցների»:

Սա Հայաստանին տրված ընդհանուր գնահատականն է Amnesty International (Միջազգային համաներում) իրավապաշտպան կազմակերպության՝ 2003 թվականին վերաբերող զեկույցում:

Ամփոփելով միջազգային կառույցների եւ անկախ դիտորդների հաշվետվությունները, միջազգային հեղինակավոր այս կազմակերպությունն արձանագրում է, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ տարվա մարտին վերընտրվել է «համատարած ընտրախախտումների, այդ թվում քվեատուփեր գողանալու եւ միջազգային ու ընդդիմադիր դիտորդների նկատմամբ բռնարարքներ ու սպառնալիքների կիրառելու արդյունքում»:

Զեկույցում նշվում է, որ միջազգային քննադատության ճնշման ներքո նախագահը ընդունել էր, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, ստեղծել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ընտրախախտումների մասին բոլոր հաղորդագրությունները: Այդուհանդերձ, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են գրեթե նույն սցենարով, եւ նախագահին աջակցող կուսակցությունները խորհրդարանում ստացել են բացարձակ մեծամասնություն:

«Իշխանությունները ձերբակալել եւ կարճաժամկետ բանտարկության են դատապարտել նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի շուրջ 100 մասնակիցների: Ընդ որում, դատավարություններն անցել են փակ, առանց դատապաշտպանների մասնակցության», - ասված է զեկույցում: - «Եվ արդեն ապրիլին սահմանադրական դատարանը հայտարարեց, որ այդ ձերբակալություններն անօրինական էին»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG