Մատչելիության հղումներ

Էդգար Առաքելյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց Լուսակերտի բնակիչ, 24-ամյա Էդգար Առաքելյանին:

Առաքելյանին ներկայացված էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք: Նա ընդդիմության այն աջակիցների թվում էր, ում ապրիլի լույս 13-ի գիշերը իրավապահները աննախադեպ դաժանությամբ դուրս էին մղել Բաղրամյան պողոտայից: Էդգար Առաքելյանը այդ ժամանակ պլաստմասսայե շշով հարվածել էր ոստիկանին:

Նույն գիշերը ամբաստանյալին ոստիկանություն են տարել եւ երեք օրով վարչական կալանքի ենթարկել՝ զազրախոսելու համար: Քրեական գործը հարուցել են ավելի ուշ, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել են հանրահավաքի կադրերը:

Երեկ դատարանում Էդգար Առաքելյանը ընդունել էր իր մեղքը՝ ասելով, թե իսկապես հանքային ջրի պլաստմասսայե շշով թիկունքից հարվածել է ոստիկանության աշխատակցին ու փախել է: Նա, սակայն, ավելացրել էր, թե չի իմացել, որ այն անձը, ում հարվածում է, ոստիկանության աշխատակից էր: Բացի այդ, իր աչքերին արցունքաբեր գազ էին փչել ու վահանով հարվածել էին դեմքին, եւ ինքը բնազդաբար էր հասցրել պատասխան հարվածը:

Դատավճռի հրապարակումից հետո Առաքելյանի շահերի պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը հավաստիացրեց, որ իրենք բողոքարկելու են այն:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG