Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակված տարեկան զեկույցը, որում Հայաստանը դասվել է «կիսակայացած ավտորիտար վարչակարգ» ունեցող երկրների շարքում, Հայաստանի ընդդիմության առաջնորդները թերեւս դարձնեն հունիսի 4-ի հանրահավաքի առանցքային թեման։ «Սակայն, մյուս կողմից, «Ֆրիդոմ հաուս>-ի զեկույցը դժվար թե լուրջ անհանգստությունների տեղիք տա Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք արդեն միջազգային կազմակերպությունների քննադատություններին հակազդող իմունիտետ են ձեռք բերել։ Զեկույցը դժվար թե լուրջ աշխուժություն մտցնի ընդդիմության շարքերում, քանի որ դա փող չէ, իսկ ընդդիմությանը հենց փող է պետք», - շեշտադրվում է «Ազգ»-ում։

Իսկ «Հայոց աշխարհ» թերթը այսօր հեգնանքով ուրվագծում է. - «Դատելով ամենից, Հայաստանում օրերս առնվազն սաղմնավորվել-կազմավորվել է «հեղաշրջիստների» մի յուրօրինակ օթյակ։ Սույնի մեջ ներգրավված հասարակական կազմակերպությունների կամ իրենց լեզվով ասած՝ NGO-ների ներկայացուցիչները «գոսդեպի» հերթական զեկույցի վրա երդում են կերել, որ իրականացնելու են բողոքի ցույցեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, հանձն են առել «խմբովի արտասանել «արգելված» խոսքեր» եւ իշխանությունների դեմ հորինել... անեկդոտներ»։ Ավելի լուրջ էլ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը որակել է. - «Ձեւավորվել է մի որոշակի խումբ, որի խնդիրն է Հայաստանում փորձարկել բողոքի զանգվածային ցույցերի, ամենակարեւորը՝ ընդհանուր իրավիճակի ապակայունացմանն ու ներհասարակական մթնոլորտի լարվածությանն ուղղված այլազան տեխնոլոգիաներ եւ մոդելներ: Այս «հեղաշրջիստների» հավաք-հրահանգավորումն անց է կացվել արտասահմանյան, հիմնականում՝ ամերիկյան պետական, կառավարական ծագում ունեցող կազմակերպությունների աչալուրջ հովանու ներքո... Ի՞նչ է սա, եթե ոչ միջամտություն մեր երկրի ներքին գործերին», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում:

«Դատարկ սպառնալիք» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթը ի մի է բերել. - «Պարզվում է ընդդիմությանն ամենեւին չի հուզում պատգամավորական մանդատներից զրկվելու հեռանկարը: Այդ անտարբերությունը հավանաբար բացատրվում է նրանց վստահությամբ, որ նման քայլը չի փրկի կոալիցիային: Եվ իսկապես, պառլամենտական նստաշրջանները բոյկոտողներին դժվար թե վախեցնեն իրենց պատգամավորական մանդատներից զրկելու իշխանական սպառնալիքները: Նախ այն պատճառով, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կարող է այդ հարցը քննարկել միայն աշնանը, հաջորդ նստաշրջանի սկզբում: Երկրորդը, եթե իշխող կոալիցիան իսկապես գնա այդ քայլին, ապա ինքն իր ձեռքով ընդդիմությանը հրաշալի խաղաքարտ կտա, որը վերջինս չի հապաղի օգտագործել հարմար պահին: Օրինակ, ամենուր կբարձրաձայնի, որ իրեն մանդատներ է շնորհել ժողովուրդը, եւ ոչ թե՝ կոալիցիան, հետեւաբար, միայն ժողովուրդն է իրավասու զրկել իրենց մանդատներից: Հավանաբար, դա գիտակցում է նաեւ կոալիցիան՝ հանրապետության նախագահի հետ միասին: Այլապես, նրանք վաղուց կօգտվեին ԱԺ կանոնակարգի տված հնարավորությունից»: «Ընտրողները, նույնպես ավելի հանգիստ կզգային, եթե իրենց ընտրյալները զբաղվեին օրինաստեղծ աշխատանքով: Սակայն», - ամփոփում է «Առավոտ»-ը, - «բանն էլ հենց այն է, որ մեր պատգամավորները աշխատանքի չեն գնում ոչ թե նրա համար, որ հավես չունեն, կամ չեն ուզում աշխատել, այլ՝ որովհետեւ իշխանությունն առայսօր գերադասում է ժողովրդի եւ նրա ընտրյալների հետ խոսել սպառնալիքների եւ շանտաժի լեզվով: Այնպես, ինչպես հիմա՝ չեք գա խորհրդարան, ձեզ կզրկենք մանդատներից, բայց ոչ մի դեպքում չենք կատարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ՝ հիմա արդեն իսկապես կարելի է արձանագրել, որ հայաստանյան ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, եւ իշխանափոխություն իրականացնելու նրա հեռանկարները մշուշոտ են. - «Դրա ապացույցն է նաեւ այն, որ ընդդիմադիր գործիչները որպես իրենց հետագա գործողությունների ծավալման հիմնական խոչընդոտ մատնանշում են ֆինանսական միջոցների սղությունը: Դա վկայում է երկու բան. ընդդիմությունն առայժմ չի կարողանում գաղափարական շահագրգռվածություն սերմանել լայն հանրության շրջանում, եւ մարդկանց հանրահավաքի բերելու համար անհրաժեշտ է դառնում հավելյալ ծառայություններ մատուցել: Եվ հետո՝ հայաստանյան ֆինանսատնտեսական շրջանակները չեն շտապում ֆինանսավորել ընդդիմադիր շարժումը, ասել է թե՝ չեն շտապում այդ ուժերին աջակցել իշխանության գալու գործում: Այս ամենը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե իշխանության գործերը լավ են», - համադրում է «Հայկական ժամանակ»-ի տեսաբանը: - «Ի վերջո, իշխանության ներկայացուցիչները հասկանում են, որ երկրում իշխանության վստահության խորը ճգնաժամ կա, եւ այդ ճգնաժամն ամենեւին էլ պայմանավորված չէ հրապարակում առկա միտինգավորների թվով, եւ քանի դեռ ճգնաժամը հաղթահարված չէ, որեւէ մեկը չի կարող հանգիստ լինել իր քաղաքական ճակատագրի համար, որովհետեւ չհաղթահարված ճգնաժամ նշանակում է՝ անկանխատեսելի ճգնաժամ»: «Բոլորը հասկանում են, որ Հայաստանում իշխանափոխության ուրվական է շրջում», - ձեւակերպվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ այդ ուրվականը նյութեղեն դառնա գործող ընդդիմության տեսքով: Ճգնաժամի մեջ հայտնված ընդդիմությունը լուրջ մրցակից է ձեռք բերել՝ ի դեմս ճգնաժամի մեջ գտնվող իշխանության»: Այս առումով մեկնաբանը մատնանշում է մասնավորապես Քոչարյանի իշխանության փլատակների տակ չմնալու համար նրանից տարանջատվելու՝ Դաշնակցության նորանոր քայլերը, որոնք էլ ինչպես գնահատվում է, իրենց հերթին, արագացնում են հենց այդ փլուզումը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG